Page 7 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Լոգանքի գել․ ինչպես ընտրել

Վերջին տարիներին որպես մարմնի խնամքի միջոց օգտագործվում է ոչ թե սովորական օճառը, այլ հատուկ լոգանքի գելը։ Գոյություն ունեն տարբեր ապրանքանիշերի խնամքի միջոցներ, որոնք տարբերվում են միմյանցից և՛ իրենց կազմությամբ, և՛ հատկանիշներով։
Ինչպե՞ս ընտրել մարմնի խնամքի միջոցը, որպեսզի լինի օգտակար և հիանալիորեն խնամի մաշկը՝ չչորացնելով ու չվնասելով այն։ Ահա այս մասին կխոսենք մեր հոդվածում։
Ի տարբերություն օճառի՝ լոգանքի գելն ունի մի շարք առավելություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Այն ոչ միայն մաքրում է մաշկն, այլև սնուցում, փափկեցնում, վերականգնում է իմունային գործառույթներն ու պաշտպանիչ հատկանիշները։ Բացի այդ, նպաստում է տրամադրության բարձրացմանը, հանգստացնում և այլն։
Մաշկի մաքրումը միակ առավելությունը չէ․ որակյալ ու գրագետ ընտրված կոսմետիկան մարմնի ամբողջական խնամքն է ապահովում։

 

Ընտրում ենք լոգանքի գել

Կախված իրենց գործունեության տեսակից՝ բաժանվում են մի քանի խմբի՝

Խոնավացնող

Այս գելերը շատ հարմար են չոր և սովորական մաշկերի համար։ Օգտագործելուց հետո կպչունության և չորության զգացողություն չի լինում։

Տոնուսավորող

Այս տեսակի կոսմետիկ միջոցները պետք է ներառել առավոտյան լոգանքի մեջ, քանի որ արթնացնում, թարմություն ու ակտիվություն են հաղորդում։

Հակաբակտերիալ

Այս գելերն օգնում են պայքարել մաշկում առկա մանրէների դեմ, մաքրում ու հանգստացնում են մաշկը։ Սա հիանալի տարբերակ է ճարպոտ և խնդրահարույց մաշկերի համար։

Սնուցող

Սնուցող գելերն օգտագործելուց հետո մաշկը դառնում է մետաքսանման։ Դա տեղի է ունենում օգտակար բաղադրիչների հաշվին, որոնք մաշկի հյուսվածքները սնուցում են օգտակար նյութերով։ Դրանք վերացնում են մաշկի գրգռվածությունը և շատ հարմար են հատկապես զգայուն մաշկի համար։

Մերսող

Այս տիպի գելերը մաքրում են ծակոտիները, վերականգնում են մեռած բջիջները, լավացնում են արյան շրջանառությունը։

Բացի այս ամենից, ընտրելիս պետք է հաշվի առնել նաև մաշկի տեսակը։

  • Չոր մաշկի դեպքում արդյունավետ են փափուկ կրեմ-գելերը, որոնք մաշկին խոնավություն են հաղորդում։
  • Ճարպոտ մաշկը պահանջում է ավելի զգույշ մոտեցում։
  • Զգայուն մաշկի դեպքում պետք է ընտրել հանգստացնող գելեր՝ բուսական բաղադրությամբ։ SELLA լոգանքի գելերը լավագույն ընտրությունը կարող են լինել ինչպես մաշկի ամենօրյա խնամքի, այնպես էլ զգայուն և խոնավացման կարիք ունեցող մաշկերի դեպքում։ Դրանց շնորհիվ մաշկին փափկություն, թարմություն ու նոր շունչ է հաղորդվում։

Հետևեք մաշկի խնամքին SELLA-ի միջոցով։

Ընտրում ենք մանկական շամպուն

Լույս աշխարհ եկող ցանկացած փոքրիկ հատուկ խնամք է պահանջում։ Վաղ հասակում երեխաներն այնքան զգայուն են, որ ծնողները պետք է մեծ ուշադրությամբ հետևեն, թե ինչպես կերակրեն, ինչ խաղալիքներով զբաղեցնեն, ինչով և ինչպես լողացնեն։

Երեխայի խնամքը  յուրաքանչյուր մայրիկի համար կարևոր ու շատ սիրելի  գործ է, այդ իսկ պատճառով մայրիկները նախքան երեխայի ծնունդը շատ ժամանակ են ծախսում պարզելու համար, թե որ խնամքի միջոցն է լավագույնը։ Սակայն դա կարող է անհատական լինել յուրաքանչյուր երեխայի դեպքում։ Այսօր շուկայում կան բազմաթիվ շամպուններ, լոսյոններ, կրեմներ, որոնք տարբեր ազդեցություններ կարող են ունենալ՝ կախված զգայունության աստիճանից։

Շամպունի ճիշտ ընտրությունը խիստ կարևոր է փոքրիկի առողջության և խնամքի գործում։  Եվ այսպես, փորձում ենք պարզել, թե ինչ շամպուն պետք է ընտրել երեխայի համար, որպեսզի և՛ մայրիկը գոհ լինի, և՛ փոքրիկը։

  • Անպայման ծանոթացեք շամպունի բաղադրությանը
  • Հաշվի առեք ժամկետը, քանի որ ժամկետանց լինելու դեպքում կարող է առաջանալ մաշկի գրգռվածություն
  • Ընտրելիս ուշադրություն դարձրեք նաև տարայի հարմարավետությանը․ այն պետք է հարմար լինի օգտագործելու համար
  • Մանկական շամպունը պետք է լինի անվտանգ և զերծ ալերգիկ ռեակցիաներից

Բացի նշվածներից, պետք է ուշադրություն դարձնել նաև երեխայի տարիքին։ Փոքրիկն իր կյանքի առաջին ամիսներին շատ զգայուն է կոսմետիկ միջոցների նկատմամբ, քանի որ գլխի պաշտպանիչ թաղանթը նոր է սկսում ձևավորվել։ Այդ իսկ պատճառով առաջին ամիսներին պետք է ընտրել այնպիսի շամպուն, որը խոնավացնում, սնուցում և խթանում է մազերի աճը։

Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել այնպիսի շամպուն, որը չունի արտահայտված գույն ու հոտ։ Դրանք վկայում են այն մասին, որ չափազանց շատ գունանյութ ու հավելումներ կան շամպունի մեջ։

Շատ կարևոր է նաև շամպունի ունիվերսալությունը։ Շատ լավ է, եթե այն նախատեսված է ինչպես գլուխը, այնպես էլ մարմինը, նույնիսկ խաղալիքները լվանալու համար։

Լոգանքը հաճելի կլինի փոքրիկի համար ճիշտ ընտրված շամպունի շնորհիվ։

Sella մանկական շամպունը մաքրում է մազերը, փայլ և փափկություն է հաղորդում և ամենակարևորը արցունքներ չի առաջացնում։

Ընտրեք լավագույն շամպունը Ձեր փոքրիկների համար։

Ինչպես ունենալ առողջ մազեր

Փայլուն, փարթամ և առողջ մազերը ոչ թե կնոջը գեղեցկություն հաղորդող սովորական մանրուք է, այլ հմայքի կարևորագույն բաղադրիչ։
Մազերի գեղեցկությունն ու փարթամությունը կախված է ինչպես ժառանգական գործոնից, այնպես էլ մարդու հոգեբանական ու ֆիզիկական վիճակից, ինչպես նաև օգտագործվող խնամքի միջոցներից։

Այս հոդվածում կխոսենք մազաթափության առաջացման պատճառների մասին։

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր մազ ապրում է մոտ 5 տարի։ Սովորաբար մարդն ունենում է 150․000 մազ և յուրաքանչյուր 1 սանտիմետրի վրա տեղակայվում է 300 մազ: Եթե ամեն օր սանրվելիս, լվանալիս կորցնում ենք մոտ 100 մազ, ապա դա բնական երևույթ է։ Սակայն, եթե զգալի մազաթափություն է նկատվում, ապա չի բացառվում, որ պատճառն առողջական խնդիրներն են կամ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։
Պարզվում է՝ մազերը նույնպես կարող են հիվանդանալ, մինչդեռ մենք առաջին հերթին մտածում ենք ոչ թե դրանք առողջացնելու, այլ մազերի արտաքին տեսքն ապահովելու մասին` օգտագործելով միայն կոսմետիկ միջոցներ։

Ի՞նչ անել, երբ պարզել եք, որ մազերը թափվում են սովորականից ավելի շատ։

Երկիր մոլորակի վրա մազաթափությամբ տառապում է տղամարդկանց 60-70 %-ը և կանանց 25-40 %-ը։ Գարնանն ու աշնանը մազաթափությունն ավելի նկատելի է լինում, նույնիսկ այն դեպքում, երբ մազերը բոլորովին առողջ են։
Մազերի աճի նվազում և մազաթափություն լինում է նաև հետծննդաբերական շրջանում, բարդ ինֆեկցիոն հիվանդություններից հետո։ Սովորաբար դա տեղի է ունենում գրիպից, ուժեղ մրսածությունից որոշ ժամանակ անց և շարունակվում մի քանի ամիս։ Օրգանիզմն արձագանքում է նաև ներքին օրգանների հիվանդություններին։ Այս բոլոր դեպքերում պետք է խուսափել մազերի հետ կապված տարբեր պրոցեդուրաներից՝ ներկում, գունաթափում, բրազիլական ուղղում և այլն։ Մի քանի ամիս անց մազերի աճն աստիճանաբար վերականգնվում է։
Մազաթափություն լինում է նաև նյարդային խանգարումների դեպքում` նյարդացավեր, խրոնիկ սթրեսներ, դեպրեսիաներ և այլն։
Բացի սովորական մազաթափությունից, գոյություն ունի նաև ճաղատացում, որի դեպքում ֆոլիկուլների սեղմման պատճառով մազերը չեն սնուցվում և արդյունքում մահանում են։
Այդ իսկ պատճառով նախքան տարատեսակ միջոցներ օգտագործելը, նախ բժշկի օգնությամբ պարզեք խնդիրը և հետևեք մազերի առողջությանը։

Առողջ մազեր ունենալու հարցում կարող եք վստահել նաև Գռօմ ընկերության արտադրանքին։

Ընտրում ենք հեղուկ օճառ

Մարմնի ու ձեռքերի խնամքը հնարավոր չէ պատկերացնել առանց հատուկ լվացող միջոցների, որոնց շարքում շատ կարևոր է օճառի դերը․ չէ՞ որ կեղտոտ ձեռքերով ոչինչ անել հնարավոր չէ։ Բացի օճառի կոշտ տեսակից, գոյություն ունի նաև հեղուկ տարբերակը, որն այսօր առավել պահանջված է համարվում օգտագործման հարմարավետության շնորհիվ։
Հեղուկ օճառները միմյանցից տարբերվում են իրենց բաղադրությամբ, բույրով և արտաքին տեսքով։ Բացի ձեռքերի մաքրությունն ապահովելուց, նաև խոնավացնող ու փափկեցնող դեր են կատարում:

Դե ինչ, եկեք փորձենք պարզել, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել հեղուկ օճառների բազմազանության մեջ:
Հեղուկ օճառի պատրաստման տեխնոլոգիան ամբողջովին տարբերվում է սովորական օճառներից։ Բաղադրության ջրային մասը դրական ազդեցություն է ունենում մաշկի նուրբ հատվածների վրա։ Օճառի մեջ պարունակվող լրացուցիչ հավելումներն ու եթերային յուղերը լվացվելու գործընթացն ավելի հաճելի են դարձնում, իսկ մաշկը՝ մետաքսանման։ Բացի այդ, հեղուկ օճառները վաճառվում են հատուկ տուփերով, որոնց շնորհիվ օգտագործելն ավելի հարմար է:

Ինչ պետք է հաշվի առնել

Առաջին հերթին պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`

  • Եթե հեղուկ-օճառը չափազանց սուր հոտ ունի, ապա քիմիական մասը բավականին շատ է և կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ։
  • Գույնը որակի չափանիշ չի կարող լինել։ Միշտ չէ, որ հաճելի կամ վառ գույնը նաև որակյալ արտադրանքի երաշխիք է։
  • Տուփի վրա պետք է նշված լինեն բոլոր անհրաժեշտ տվյալները՝ անվանում, արտադրող, ժամկետ, բաղադրիչներ
  • Ուշադրություն դարձրեք, որ բաղադրիչների կազմում աղի քանակությունը շատ չլինի։
  • Եթե տուփը թափանցիկ է, ապա շատ հեշտ կլինի պարզել դրա մեջ մնացած օճառի քանակը։
  • Ուշադրություն պետք է դարձնել նաև դոզատորի հարմարությանն ու հուսալիությանը։Անհրաժեշտ է ընտրել այնպիսի օճառ, որը չի փչացնի ձեռքերի մաշկը: Այս առումով լիովին կարող եք վստահել ԳՌՕՄ ընկերության արտադրանքին: Նաշ Սադ, Սելլա և Մեչտա հեղուկ օճառները մաքրում, փափկեցնում ու սնուցում են մաշկը՝ շնորհիվ կազմության մեջ առկա հատուկ բաղադրիչների։ Այս հեղուկ օճառներին բնորոշ է`
  • Անուշ բույրը
  • Գերազանց մաքրելու կարողությունը
  • Ձեռքերի մաշկի խոնավացումը

ԳՌՕՄ ՝ լայն ու բազմազան ընտրություն յուրաքանչյուր գնորդի համար։

Ջրածնի պերօքսիդը (պերեկիսը) կենցաղում

Պերեկիսը ոչ միայն հիանալի հականեխիչ (անտիսեպտիկ) է, այլև անփոխարինելի օգնական կենցաղում:
Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես պետք է օգտագործել այն կենցաղում և թեթևացնել մաքրության աշխատանքները:

Ամենօրյա մաքրությունն օգնում է հեռացնել տեսանելի կեղտը, բայց ոչ մանրէները: Քլորով ախտահանման մասին բոլոր տնային տնտեսուհիները գիտեն. դա ոչ այնքան հաճելի գործընթաց է և բացի այդ, տհաճ հոտը թույլ չի տալիս այն ավելի հաճախակի օգտագործել:

Ինչպե՞ս օգտագործել ջրածնի պերօքսիդը (պերեկիս) կենցաղում

  • Վերցնում ենք 1 բաժակ պերեկիսը, լցնում ենք 4լ ջրի մեջ և լվանում ենք բոլոր մակերեսները: 3 %-անոց լուծույթը կարելի է օգտագործել նաև տհաճ հոտերից ու մանրէներից ազատվելու համար:
  • Խոհանոցից բացի, այն կիրառվում է կենցաղային տեխնիկան մաքրելու համար` սառնարան, միկրոալիքային վառարան և այլ խոհանոցային սարքավորումներ:
  • Օդի մաքրման համար նույնպես կարելի է օգատագործել ջրածնի պերօքսիդ: Վերցնում ենք 50 մլ պերեկիսը, լուծում ենք ջրի մեջ, ապա լցնում ենք հեղուկացրի (պուլվերիզատոր) մեջ ու օգտագործում:
  • Սանհանգույցը կատարյալ մաքուր կլինի և պերեկիսի շնորհիվ կվերանան բոլոր սնկերն ու մանրէները, որոնք հավաքվում են սալիկների կցակարերի միջև: Ընդամենը պետք է այս լուծույթը լցնել այդ հատվածներում, մի փոքր սպասել և այն կոչնչացնի բոլոր վնասակար մանրէները:

Հագուստի թեթև մաքրում

Երբ հագուստը  կեղտոտվում է, ապա հետքը վերացնելու հարցում օգնության է գալիս պերեկիսը: Այն կարելի է օգտագործել երկու եղանակով`

  • Լվացքի մեքենայով լվանալու դեպքում լվացքի փոշուն ավելացնում ենք 50 մլ ջրածնի պերօքսիդ:
  • Ձեռքով լվացման համար ջրածնի պերօքսիդը լցնում ենք սառը ջրի մեջ, հագուստը 30 րոպե թողնում ենք, ապա լվանում: Երկու դեպքում էլ արդյունքը կատարյալ է:

Մարմնի ու դեմքի խնամք ջրածնի պերօքսիդով

Պերեկիսը լայնորեն կիրառվում է նաև կոսմետոլոգիայում: Սակայն պետք է այն ճիշտ օգտագործել, հակառակ դեպքում կարող եք վնասել մաշկը: Շատ կարևոր է պերեկիսն օգտագործելուց առաջ դեմքը մաքրել կոսմետիկայից, կրեմից ու լոսյոնից:
Այն պատրաստելու համար 2 կաթիլ լցնում ենք 1 բաժակ ջրի մեջ: Ստացված թույլ լուծույթով բամբակի օգնությամբ մաքրում ենք դեմքն ու պարանոցը: Դուք անմիջապես կնկատեք, թե ինչպես է մաշկը զգալիորեն սպիտակում:

Ահա, թե որքան կարևոր է պերեկիսի դերը մեր կենցաղում: Նաշ Սադ ջրածնի պերօքսիդն առանձնանում է ոչ միայն որակով, այլև մատչելիությամբ, ինչը հնարավորություն է տալիս այն մշտապես ունենալ տանն ու օգտագործել անհրաժեշտության դեպքում:

Ինչպես լվանալ կաթսաները. Խորհուրդներ

Ինչպես սպասքն, այնպես էլ կաթսաները հատուկ խնամք են պահանջում: Շատ հաճախ կաթսաները լվանում ենք այնպես, ինչպես ուզում ենք և կարճ ժամանակ անց դրանք դառնում են անպիտան օգտագործման համար: Իսկ մենք սկսում ենք բողոքել որակից, մինչդեռ սխալը պետք է փնտրենք ինքներս մեր մեջ: Ի՞նչ անել այս դեպքում, ինչպե՞ս արագ լվանալ կաթսաներն ու մշտապես պահպանել դրանց փայլը:
Նախևառաջ լվանալիս պետք է հաշվի առնել այն, թե ինչ նյութերից են պատրաստված: Ըստ դրա` պետք է առանձնացնել խնամքի ձևերն ու անցնել գործի: Միայն այդ դեպքում սպասքը կլինի մաքուր ու երկար ժամանակ կմնա լավ վիճակում, իսկ դուք կխնայեք ձեր ժամանակն ու նյարդերը:

Առաջարկում ենք ծանոթանալ տարբեր նյութերից պատրաստված կաթսաների (տապակներ, թավաներ և այլն) խնամքին:

  • Պողպատե կաթսաներն ու թավաները խոհանոցում ավելի հաճախ են օգտագործվում, այդ իսկ պատճառով դրանց վրա շատ շուտ են մնում հետքերը: Որպեսզի պողպատե կաթսաները պահպանեն իրենց փայլը, լվանալուց անմիջապես հետո պետք է չորացնել: Շատ կեղտոտ լինելու դեպքում կարելի է լվանալ քացախաջրով:
  • Պղնձե կաթսաների դեպքում մի փոքր այլ է: Դրանց փայլը վերադարձնելն ավելի հեշտ է: Ամենապարզ միջոցը քիչ քանակությամբ կավճի նստվածքը խոնավ կտորի վրա լցնելն ու զգուշորեն տրորելն է: Իսկ եթե կաթսան բավականաչափ կեղտոտ է, ապա կերակրի աղով ու քացախով պատրաստում ենք մածուկանման զանգված և լցնում կեղտոտված մակերեսին: 20 րոպե անց կաթսան կարելի է լվանալ:
  • Չուգունե տապակները, թավաներն ու կաթսաները, չնայած իրենց արտաքին կոպիտ տեսքին, ավելի նուրբ են, քան թվում է առաջին հայացքից: Ի տարբերություն պղնձի` դրանք ենթակա են ժանգոտման, այդ պատճառով պետք է պահպանել չոր վիճակում:
  • Լվանալուց առաջ չուգունե կաթսան պետք է լավ սառչի, այլապես կարող է ճաքճքել: Ժանգոտումը կանխելու համար այն լվանում ենք առանց նախօրոք թրջելու: Իսկ հետո զգուշորեն չորացնում ենք:
    Ալյումինե կաթսաները պետք է լվանալ տաք ջրով, ոչ շատ մեծ քանակությամբ սպասք լվանալու հեղուկով:
  • Բաց գույնի էմալապատ կաթսաները ժամանակի ընթացքում կարող են մգանալ: Որպեսզի նախնական գույնը վերականգնվի, պետք է դնել այն  սոդայի տաք լուծույթի մեջ, ապա լվանալ մաքուր ջրով:

Դե ինչ, արդեն գիտենք ամենապարզ միջոցները կաթսաները ճիշտ լվանալու համար: Մեզ մնում է հետևել այս կանոններին և երկար ժամանակ նոր կաթսաներ գնելու անհրաժեշտություն չի լինի:

Անուշադրի սպիրտը կենցաղում

Երբ ասում ենք անուշադրի սպիրտ (ամոնիակի լուծույթ), անմիջապես հիշում ենք սուր հոտն ու սթափող նշանակությունը: Շատերն են այդ վիճակում անմիջապես որպես առաջին օգնություն օգտագործում այն: Քչերը գիտեն, սակայն, որ կենցաղում այն պակաս կարևոր չէ, որքան բժշկության մեջ:
Ահա, թե ինչ մեծ դեր ունի ամոնիակի լուծույթը կենցաղում:

Լաքաների հեռացում

  • Օգտագործվում է գորգերի և կահույքի պաստառների մաքրման համար
  • Հիանալիորեն մաքրում է զամշե կոշիկները, պայուսակներն ու ձեռնոցները

Ի՞նչ անել

Բամբակի շերտը թրջում ենք անուշադրի սպիրտով և դնում ենք կեղտոտ հատվածների վրա: Քանի որ կեղտը ներծծվում է բամբակի մեջ, այն անընդհատ պետք է փոփոխել:
Այն անփոխարինելի է նաև ցանկացած տեսակի կտորի վրայից յուղի լաքաները հեռացնելու գործում: Սկզբում լաքան լվանում ենք լուծույթով, ապա սովորական լվացման ենք ենթարկում:
Որքան շատ է լինում լուծույթի քանակն, այնքան արագ է տեղի ունենում գործընթացը, բայց միևնույն ժամանակ մեծանում է կտորի որակը փչացնելու հավանականությունը:

Սպիտակեցում

Անուշադրի սպիրտը կենցաղում օգտագործվում է նաև իրերը սպիտակեցնելու նպատակով: Բայց այս դեպքում այն միայնակ չի աշխատում, օգնության է գալիս ջրածնի պերօքսդը:

Ի՞նչ անել

Վերցնում ենք 4-5 լ տաք ջուր, ավելացնում ենք 50 մլ ջրածնի պերօքսիդ և 25 մլ ամոնիակի լուծույթ: Հագուստը կամ իրերը մի քանի ժամ թողնում ենք լուծույթի մեջ, ապա հանում ու զգուշորեն լվանում ենք: Պետք է նշել, որ այս գործընթացը չի փոխարինում լվացմանը, ուստի պետք է նախապես լավ լվանալ, ապա դնել այս լուծույթի մեջ:

Մակերեսների մաքրում

Ամոնիակի լուծույթը արդյունավետ մաքրում է նաև սալիկները, լվացարանակոնքը, ջեռոցը ոչ պակաս լավ, որքան կտորը: Ապակիները, հայելիները և ցանկացած այլ ապակե մակերես կլինի կատարյալ մաքուր, եթե օգտագործեք անուշադրի սպիրտ: Այն հետքեր չի թողնում, ավելին` հաղորդում է յուրօրինակ փայլ:
Դրանով կարելի է մաքրել նաև արդուկի ներբանը, որպեսզի այն հետքեր չթողնի հագուստի վրա, սալիկների վրա առաջացած յուղի հետքերը, լոգասենյակում ջրի հետքերն ու հատակը:
Այն կենցաղում կիրառվում է նաև միջատների դեմ պայքարելու, բնակարանի հոտը վերացնելու, ինչպես նաև բույսերի աճը խթանելու համար:

Ամոնիակի լուծույթի օգտակարությունը միայն սրանով չի սահմանափակվում: Սակայն մաքրության տեսանկյունից այն հիանալի լուծում է, երբ տանն եք, չկան մաքրող ու ախտահանող միջոցներ, իսկ խանութ շտապելու ցանկություն չունեք: Այն անմիջապես օգնության է հասնում և օգնում կատարյալ մաքրություն ապահովել բնակարանում:

Ինչպես լվանալ սպասքը

Սպասք լվանալ ու առավել ևս չորացնել ոչ բոլորն են սիրում և նույնիսկ համարում են ձանձրալի աշխատանք։ Իսկ երբ խոհանոցում հավաքվում է հսկայական սպասք, թվում է, թե դրանք լվանալն ու չորացնելը սխրագործություն է: Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս լվանալ սպասքը:
Առաջարկում ենք մի քանի միջոց, որոնք ապասք լվանալու գործընթացը հաճելի կդարձնեն:

  • Փորձեք ձեր գործը թեթևացնել ու մասերի բաժանել: Պետք չէ սպունգն անընդհատ պատել սպասքի հեղուկով: Եթե վերջանում է, փորձեք հանգստանալ ու զբաղվել մեկ այլ գործով: Եթե գործողությունը բաժանեք մի քանի փուլի, հոգեբանորեն այն կատարելն ավելի հեշտ կլինի։
  • Օգտագործեք ռետինե ձեռնոցներ
    Գնեք ռետինե ձեռնոցներ, որոնք կպաշտպանեն ձեր ձեռքերը, կպահեն դրանք փափուկ, քանի որ ջրի հետ շփումը կարող է ձեռքերի չորացման պատճառ դառնալ:
  • Լսեք որևէ հաճելի և ուրախ երաժշտություն
    Սպասք լվանալիս միացրեք երաժշտությունն ու կտեսնեք, թե որքան արագ եք անում ձեր գործն ու ժամանակն ինչքան արագ է թռչում:

Օգտակար խորհուրդներ սպասքը մաքուր լվանալու համար

Այս խորհուրդները կօգնեն շատ արագ ազատվել կեղտից:
Առաջին հայացքից թվում է, թե սպասք լվանալն այնքան հեշտ է, որ նույնիսկ փոքրիկ երեխան կարող է դա անել առանց որևէ դժվարության: Սակայն պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի՝ հեղուկի ընտրությանը, առանց որի սպասքն անհնար կլինի լվանալը։

  • Հեռացնում ենք սննդի մնացորդները։ Եթե հասցրել է քարանալ, ապա ափսեն 5 րոպե ընկղմեք տաք ջրի մեջ, որից հետո լվանալն ավելի հեշտ կլինի։
  • Ցանկալի է ափսեները, բաժակները և սպասքի այլ պարագաները լվանալ հերթականությամբ: Խորհուրդ է տրվում սկսել բաժակներից, այնուհետև անցնել խորը ամաներին, իսկ հետո՝ գդալներին ու պատառաքաղներին:
  • Սպասքը պետք է լվանալ ամբողջական և ոչ թե միայն այն կողմը, որտեղ եղել է կերակուրը։
  • Խոշոր սպասքը (թավաներ, կաթսաներ և այլն) պետք է լվանալ վերջում, քանի որ յուղի շերտը հեռացնելը շատ ժամանակ կարող է խլել: Այդ իսկ պատճառով պետք է նախօրոք 10 րոպե ընկղմել տաք ջրի մեջ։

Սպասքը չորացնելու կանոնները շատ պարզ են՝

  • Թողնել, որպեսզի սենյակային պայմաններում ինքնուրույն չորանա
  • Սրբել սպասքի համար նախատեսված հատուկ սրբիչով

Ինչպես տեսաք, սպասք լվանալը կարող է դառնալ նույնիսկ հետաքրքիր զբաղմունք, եթե հետևեք այս խորհուրդներին և անհրաժեշտը համատեղեք հաճելիի հետ։

Մազերի բալզամ. ինչպես փափկեցնել չոր մազերը

Կնոջ գեղեցկությունը մեծամասամբ կախված է մազերի տեսքից, որի համար հատուկ խնամք է պահանջվում: Մազերին գեղեցիկ փայլ ու առողջ տեսք հաղորդելու համար, պետք է ամեն անգամ լվանալուց հետո օգտագործել բալզամ, որը մազերի խնամքի ամենահայտնի միջոցներից մեկն է: Ի տարբերություն շամպունների, որոնց նպատակը միայն մազերը փոշուց ու կեղտից ազատելն է, բալզամը հեռացնում է մազերից շամպունի մնացորդներոն ու ապահովում մազերի սնուցումը:
Շնորհիվ իր մեջ պարունկավող փափկեցնող ու խոնավացնող հատկանիշների` այն հեշտացնում է մազերը սանրելու գործընթացը, լավացնում է որակը:
Բալզամների ընտրությունն այնքան մեծ է, որ երբեմն դժվար է կողմնորոշվելը: Պետք է կարողանալ ընտրել մազերին հարմար տարբերակն ու ամենակարևորը ճիշտ օգտագործել:

Այսօր կխոսենք բալզամների ընտրության ու դրանց ճիշտ օգտագործման մասին:

Ինչպես ընտրել բալզամ

Ինչպես մյուս կոսմետիկ միջոցները, այնպես էլ բալզամ ընտրելիս պետք է հաշվի առնել արտադրանքի որակը, զանգվածի խտությունը, քանի որ շատ հեղուկ բալզամներն արդեն իսկ վատ որակի ապացույցն են: Որակյալ արտադրանքը չի վնասում մազերն ու գլխամաշկը: Մի մոռացեք նաև մազերի տեսակին համապատասխան տարբերակ ընտրելու մասին:

  • Խուսափեք այնպիսի բալզամներից, որոնց կազմության մեջ կան ալերգիկ ռեակցիա առաջացնող բաղադրիչներ
  • Ստուգեք պիտանելիության ժամկետը
  • Ընտրեք ձեր մազերի տեսակին համապատասխան բալզամ, այլապես մազերը կարող են վնասվել
  • Մի չարաշահեք բալզամի քանակը

Ինչպես օգտագործել մազերի բալզամը

Շատ կարևոր է նաև բալզամի ճիշտ օգտագործումը: Շատ կանայք և աղջիկներ սովորություն ունեն մեծ քանակությամբ բալզամ օգտագործելու, որը հակառակ արդյունք է տալիս: Դրա հետևանքով չոր մազերը կարող են դառնալ յուղոտ և չխնամված տեսք ունենալ:
Ինչ պետք է անել

  •  Մազերը լվանալ շամպունով
  • Թաց մազերին քսել բալզամը փոքր քանակությամբ
  • 2-3 րոպե մերսել գլուխը
  • Ողողել գոլ ջրով

Իհարկե, բացի խնամքի միջոցներից, շատ կարևոր է նաև օգտակար դիմակների և այնպիսի մթերքների օգտագործումը, որոնք պարունակում են ֆոսֆոր, կալցիում, վիտամիններ և օգտակար միկրոէլեմենտներ:
«Sella» ապրանքանիշի բալզամների շնորհիվ ձեր մազերը խնամված ու գեղեցիկ տեսք կունենան:

Ինչպես մաքրել բնակարանը․ քայլ առ քայլ ուղեցույց

Ամանորի նախօրեին բոլորս եռուզեռի մեջ ենք լինում, ուզում ենք հասցնել ամեն ինչ՝ գնումներ, մաքրություն, տոնածառը զարդարելու արարողություն և այլն։ Շատերը նույնիսկ անվերապահորեն հավատում են, որ տարին ինչպես դիմավորեն, այնպես էլ կանցնի և փորձում են ամեն ինչ անել այն կատարյալ դիմավորելու համար։
Այսօր կխոսենք ամենակարևորի՝ բնակարանի մաքրության մասին առանց որի տոնածառն ու մյուս զարդարանքները կկորցնեն իրենց փայլը։
Իսկ ինչպես անել մաքրությունը, որպեսզի այն մեզնից շատ ժամանակ չխլի, իսկ արդյունքը լինի կատարյալ: Շատ կարևոր է մաքրության հերթականությունը, որը պահպանելու դեպքում կունենաք շողշողուն բնակարան։

Ննջասենյակի մաքրություն

Անհրաժեշտ են՝
Ապակի լվացող միջոց
Մաքուր կտորներ
Փոշեծծիչ
Հատակի փայտ

  • Սենյակի մաքրությունը սկսում ենք ավելորդ իրերը հավաքելուց: Առաջին հերթին մաքրում ենք առաստաղի փոշին, այնուհետև անցնում ենք ջահերին: Որքան ջահերի կառուցվածքը բարդ է, այնքան փոշոտվելու հավանականությունը մեծ է լինում:
  • Սկսում ենք մաքրել կահույքը, պահարաները սկզբում դրսից, ապա ներսից՝ վերից վար սկզբունքով։ Սա ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե սկզբում մաքրենք հատակը, ապա կահույքը, գործը կկրկնապատկվի:
  • Կահույքից հետո հերթը միջսենյակային դռներինն է: Երկու կողմից լավ մաքրելուց հետո անցնում ենք վարդակներին ու անջատիչներին։ Թվում է, թե դրանք երբևէ չեն փոշոտվում, բայց սխալվում ենք։
  • Պատուհանները, պատուհանագոգերին ու ջեռուցման համակարգերը նույնպես հաճախակի մաքրման կարիք ունեն: Պատուհանները կարելի է մաքրել հատուկ ապակի մաքրող միջոցներով։
  • Մաքրում ենք հայելիներն ու հայելային մակերեսներն՝ օգտագործելով հատուկ մաքրող միջոցներ, որոնք հետքեր չեն թողնում:
  • Անցնում ենք հատակի մաքրությանը՝ նախ փոշեծծիչով, ապա խոնավ մաքրումով ազատվելով փոշու մնացորդներից:
  • Սենյակի մաքրությունն ավարտելուց հետո փոխում ենք սպիտակեղենն ու անցնում մյուս սենյակների մաքրությանը։

Խոհանոցի մաքրություն

Անհրաժեշտ են՝
Մաքրող ու ախտահանող միջոցներ
Սպասք լվանալու հեղուկ
Սպունգ
Ռետինե ձեռնոցներ

  • Խոհանոցի մաքրությունն ամբողջ բնակարանում թարմ օդի երաշխիքն է։ Ինչպես ննջասենյակի դեպքում, այստեղ նույնպես մաքրությունը սկսում ենք առաստաղից ու պատերից, այնուհետև անցնում ենք օդորակիչին, որը պատված է լինում յուղի հաստ շերտով։ Լավ կլիներ հնարավոր լինելու դեպքում հանել այն ու մաքրել, հակառակ դեպքում մաքրել հենց տեղում:
  • Մաքրում ենք խոհանոցի կահույքը՝ սրբելով դարակներն ու միևնույն ժամանակ ազատվելով ավելորդ համեմունքներից կամ չօգտագործվող մթերքներից:
  • Նույն սկզբունքով մաքրում ենք նաև սառնարանը: Սկզբում հանում ենք դարակաշարերը, տանում ենք լոգասենյակ ու որոշ ժամանակ թողնում, քանի որ սառը վիճակում տաք ջրով լվանալու դեպքում դրանք կարող են ճաքել: Սառնարանը մաքրում ենք դրսից ու ներսից: Այնուհետև լվանում ենք դարակներն ու պլաստմասսայե տարրաները, բայց անմիջապես չենք տեղադրում սառնարանում: Սպասում ենք, մինչև չորանան, իսկ այդ ընթացքում մաքրում ենք լվացարանակոնքը, սալիկներն ու խոհանոցային գոգնոցը: Կարելի է նախապես բոլոր մակերեսները մշակել մաքրող միջոցներով ու 15 րոպե թողնել, որպեսզի կեղտը հեշտությամբ հեռացվի: Նույն ձևով պետք է վարվել նաև ջեռոցի, միկրոալիքային վառարանի հետ:

Լոգասենյակի մաքրություն

Անհրաժեշտ են՝
Մաքրող, ախտահանող միջոցներ
Ռետինե ձեռնոցներ

  • Խոհանոցից հետո անցնում ենք դեպի լոգասենյակ: Լվացարանակոնքն ու զուգարանակոնքը պատում ենք մաքրող ու ախտահանող միջոցով, որոշ ժամանակ թողնում ենք, որպեսզի հեղուկն ինքնուրույն պայքարի կեղտի դեմ, ապա մաքրում ենք ինքներս:
  • Լոգասենյակի մաքրությունը նույնպես սկսում ենք օդորակիչից, այնուհետև անցնում ենք սալիկներին: Մաքրում ենք լոգասենյակում առկա պահարանները, իսկ վերջում՝ լվացարանակոնքը, զուգարանակոնքն ու հատակը:Բնակարանի մաքրությունն ավարտվում է նախասրահում, որն արդեն գիտենք՝ ինչպես մաքրել։ Հեռացնում ենք հավաքված աղբը ու եթե հոգնած չենք, զարդարում ենք տոնածառը:

Հետևեք այս քայլերին, և մաքրությունը կլինի հաճելի ու արդյունավետ։

Չոր ձեռքեր. ինչպես պայքարել դրա դեմ

Ձեռքերը մարմնի ամենաանպաշտպան մասն են: Դրանք ցրտից ու արևից պաշտպանելն այնքան էլ հեշտ չէ, բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է:

Շատ հաճախ տնային տնտեսուհիները բողոքում են ձեռքի մաշկի չորությունից, մինչդեռ պատճառը խնամքի կանոններին չհետևելն է:
Ցանկացած աշխատանք կատարելիս` լինի մաքրություն, կերակուր եփել, լվացք և այլն, մենք օգտագործում ենք մեր ձեռքերը: Այդ իսկ պատճառով մաշկը զրկվում է փափկությունից, դառնում չխնամված ու չոր:
Ինչպես գիտենք, մաշկը բաղկացած է երեք շերտից, որոնցից մեկը` էպիդերմիսն այն պաշտպանում է հիվանդածին մանրէներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վնասակար նյութերից, ապահովում է մաշկի խոնավությունը:
Չոր և ճաքճքված մաշկը բացի այն, որ կարող է լինել առողջական խնդիր, նաև չխնամված ձեռքերի ապացույցն է:

Իսկ որո՞նք են մաշկի չորության պատճառները

  •  Օրվա ընթացքում ջրի անընդհատ օգտագործումը
  • Եղանակային ցուրտ պայմանները
  • Օճառի և այլ մաքրող միջոցների հաճախակի օգտագործումը

Ինչպե՞ս պայքարել չոր մաշկի դեմ

  • Ճաքճքված ու չորացած ձեռքերից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը դրանք ճիշտ խնամելն է
  • Նախքան ձեռքերը լվանալը, համոզվեք, որ ջուրը տաք չէ: Հակառակ դեպքում այն կներծծի մաշկի արտաքին շերտը պաշտպանող ճարպը
  • Ձեռքերը չի կարելի լվանալ նաև շատ սառը ջրով
  • Խուսափեք փրփրող օճառներ օգտագործելուց: Ընտրեք խոնավացնող կամ օգտակար բաղադրիչներ պարունակող օճառներ
  • Կրեք ձեռնոցներ

Ձեռքի մաշկը վերականգնելու համար կարելի է օգտագործել նաև բնական միջոցներ:

  • Եթե ուզում եք, որ ձեռքերը մշտապես երիտասարդ տեսք ունենան, օգտագործեք մեղր: Դրա մեջ պարունակվող հակամանրէածին նյութերը կօգնեն պահպանել խոնավությունն ու պայքարել մաշկի ծերության դեմ:
  • Վարսակի փաթիլներ ոչ բոլորն են սիրում ուտել, սակայն դրանք հիանալի տարբերակ են չոր ձեռքերը փափկեցնելու համար: Բացի այդ, դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչի շնորհիվ մաշկը պահպանում է իր խոնավությունը:
  • Կիտրոնի հյութը նույնպես կարող է հրաշքներ գործել: Այն հարուստ է կալիումով, որի շնորհիվ վերականգնվում է մաշկի թարմությունը, իսկ դրանում առկա վիտամին C-ն վերացնում է կնճիռները:

Բացի այս միջոցներից, ձեռքերի խնամքի համար կարող եք օգտագործել նաև «Նաշ Սադ» – ի մաշկը փափկեցնող կրեմներն ու մոռանալ այս խնդրի մասին:

Շատ հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այս խնդիրը, մինչդեռ անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է խնամել մաշկն ու հետևել խորհուրդներին:

Մազերի դոնդողակ տարբեր սանրվածքների համար

Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սիրում են լինել գեղեցիկ ու խնամված։ Այդ իսկ պատճառով մեծ կարևորություն են տալիս մազերի խնամքին։ Շատ չեն այն կանայք, որոնց բնությունը պարգևել է գանգուր մազեր։ Այսօր շատերը գանգրացնում են մազերը, տարատեսակ սանրվածքներ անում ՝ բազմազանություն մտցնելով իրենց ոճում։
Գոյություն ունեն մազերը հարդարելու և խնամելու տարբեր միջոցներ ( լաք, փրփուր, ոսկ, դոնդողակ ), որոնց շնորհիվ ինքնուրույն կարելի է ստանալ հետաքրքիր սանրվածքներ:
Մեր այսօրվա հոդվածում կփորձենք պարզել, թե որ դեպքում կարելի է օգտագործել մազերի դոնդողակ, ինչ տեսակներ կան, ինչպես այն օգտագործել և այլն:

Դոնդողակը թույլ է տալիս

  • պահպանել սանրվածքի ձևը
  • ուղղել խոպոպները
  • մազերին հաղորդել փարթամություն
  • ստանալ խոնավ էֆեկտ
  • ունենալ գեղեցիկ խոնավ խոպոպներ
  • առանձնացնել գանգուրները

Կանանց բախտն այս առումով բերել է, քանի որ երկար մազերը թույլ են տալիս փորձարկել այս սանրվածքները։ Չնայած ՝ կարճ մազերի դեպքում նույնպես կարելի է ստանալ հետաքրքիր սանրվածքներ։ Դժվար է հավատալ, բայց 17-18-րդ դարերում դոնդողակի փոխարեն օգտագործում էին խեժ։

Մազերի դոնդողակների տեսակները

Մազերի դոնդողակները տարբերվում են իրենց գույնով, պնդությամբ ու ֆիքսելու ուժգնությամբ:

Ըստ ֆիքսման աստիճանի լինում են ՝ թույլ, միջին և ուժեղ:

  • Բաց գույնի դոնդողակն աչքի է ընկնում թույլ ֆիքսացիայով և շատ հարմար է խոպոպների համար
  • Միջին հզորության ֆիքսացիա ունեցող դոնդողակները կանգուն սանրվածքներ անելու համար են
    Պինդ դոնդողակի շնորհիվ ֆիքսվում է սանրվածքը, մատներն անգամ մազերի մեջ մտցնել հնարավոր չէ: Փոխարենը սանրվածքը հիանալիորեն պահպանում է իր նախնական տեսքը:

Ինչպես օգտագործել դոնդողակը

Մազերի դոնդողակ օգտագործելը շատ հեշտ է, իսկ արդյունքը ՝ ապշեցնող:

  • Մազերը լվանում ու թեթևակի չորացնում ենք
  • Վերցնում ենք փոքր քանակությամբ դոնդողակն ու տարածում ենք ափերի մեջ
  • Քսում ենք մազերի խոնավ արմատներին ու հավասարապես տարածում ենք
  • Վարսահարդարիչի օգնությամբ ձևավորում ենք սանրվածքը

Գեղեցիկ սանրվածքներ անելու համար շատ բան հարկավոր չէ. Ընդամենը որոշել սանրվածքի ձևը, իմանալ այս բոլոր նրբություններն ու ընտրել ճիշտ դոնդողակը: Այս դեպքում առանց երկմտելու կարող եք նախապատվությունը տալ «Նաշ Սադ» ապրանքանիշի մազերի դոնդողակներին, որոնց շնորհիվ կապահովեք Ձեր գեղեցիկ տեսքն ու խնամվածությունը:

Հիշեք ՝ ճիշտ սանրվածքը կարող է վերացնել դեմքի թերություններն ու ընդգծել առավելությունները: