Page 4 – Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Մաքրող միջոցներ, որոնք մշտապես պետք է ունենալ ձեռքի տակ

Շրջակա միջավայրի մաքրությունը կարևոր նախապայման է առողջ լինելու համար։ Ուստի առաջին հերթին հարկավոր է մաքրություն ապահովել այնտեղ, ուր ապրում ենք և անցկացնում օրվա մեծ մասը։
Եվ որպեսզի մաքրությունն ավելորդ ժամանակ ու ջանքեր չխլի մեզնից, անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ մաքրության համար անհրաժեշտ իրեր ու հատուկ միջոցներ։
Իսկ թե ինչ միջոցների մասին է խոսքը, կպարզենք մեր այսօրվա հոդվածում։

Մաքրող ու ախտահանող միջոցներ

Մաքրության գործընթացը բավականին հեշտ կլինի, եթե օգտագործենք որակյալ մաքրող միջոցներ։ Այս առումով «Նաշ Սադ» ապրանքանիշը տնային տնտեսուհիների լավագույն օգնականն է։ Տան ցանկացած անկյուն կլինի կատարյալ մաքուր՝ շնորհիվ այս մաքրող միջոցների, որոնք ունեն նաև ախտահանող նշանակություն։

Ապակի մաքրող հեղուկ

«Պատուհանները տան աչքերն են» արտահայտությունը պատահական չէ։ Իսկ աչքերին գեղեցիկ փայլ հաղորդելու համար պետք է ապահովել կատարյալ մաքրություն։ Ապակի մաքրող հեղուկներն այս դեպքում իսկական փրկություն են տնային տնտեսուհիների համար։

Ռետինե ձեռնոցներ

Նախքան մաքրությունը սկսելն ու որևէ մաքրող միջոց օգտագործելը անպայման պետք է կրել ռետինե ձեռնոցներ, որոնք կպաշտպանեն մաշկը չորացումից։

Հատակի փայտ ռետինե եզրով

Գոյություն ունեն հատակի փայտի բազմաթիվ տեսակներ՝ տարատեսակ գլխիկներով, պտտվող մեխանիզմներով, որոնք տարբեր գործառույթներ են կատարում։ Սակայն ամենահուսալի տարբերակը ռետինե եզրով հատակի փայտն է։ Եթե սենյակներն ընդարձակ են, նախապատվությունը տվեք լայնեզր գլխիկով հատակի փայտերին, որպեսզի ավելի մեծ տարածք կարողանաք մաքրել։

Սպունգ, կտոր, խոզանակ

Սպունգն անհրաժեշտ գործիք է ցանկացած հետք վերացնելու համար։ Եթե այն օգտագործեք զգուշորեն, թեթև շարժումներով, ապա կունենաք կատարյալ արդյունք։ Սպունգը խորհուրդ է տրվում օգտագործել կենցաղային տեխնիկայի, պլաստիկե պատուհանագոգերի և այլ իրերի ու մակերեսների մաքրության համար։

Պոլիէթիլենային տոպրակներ

Սրանք կազմում են մաքրության անբաժանելի մասը։ Եթե որոշել եք մաքրություն սկսել, ապա մտածեք նաև աղբը տեղավորելու մասին։ Հակառակ դեպքում մաքրությունը կլինի անարդյունավետ։

Դե ինչ, արդեն գիտեք, թե որոնք են ամենաանհրաժեշտ նյութերն ու իրերը։ Շտապեք ձեռք բերել դրանք և հեշտացնել մաքրության աշխատանքները։

Ինչպես պահպանել հագուստի գույնը․ մի քանի խորհուրդ

Հագուստը հաճախակի կամ ոչ ճիշտ լվանալու հետևանքով կարող է կորցնել իր նախնական գույնը և ունենալ մաշված ու խամրված տեսք։
Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս լվանալ հագուստը, որպեսզի այն պահպանի իր գույնը։

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել հագուստը փչացնելուց և թույլ կտան կրել այն երկար տարիներ։

Շատերը նախընտրում են նոր գնված հագուստը լվանալ, հետո միայն կրել։ Սա շատ կարևոր է հատկապես մանկական հագուստի դեպքում։ Եթե դուք էլ եք պատկանում այդ մարդկանց թվին, ապա նախքան լվանալը մի մոռացեք կտրել բոլոր պիտակները, ապա լվանալ ճիշտ ռեժիմով։

  • Նախքան լվանալն ուսումնասիրեք պիտակի վրա առկա ցուցումները, թե ինչպես պետք է լվանալ տվյալ հագուստը․ արդյոք թույլատրվո՞ւմ է լվացքի մեքենայով լվանալ, ի՞նչ ջերմաստիճան է պահանջվում և այլն։
  • Հագուստի գույնը պահպանելու համար հարկավոր է այն լվանալ հնարավորինս սառը ջրով։ Ջրի ջերմաստիճանը պետք է որոշել հագուստը լվանալուց առաջ՝ ըստ պիտակի վրա նշված թույլատրելիության։
  • Հագուստը լվանալիս անպայման պետք է առանձնացնել նաև գունային տարբեր երանգները։ Չի կարելի սպիտակ հագուստը լվանալ գունավորի հետ։
  • Դասակարգում պետք է անել ոչ միայն ըստ գույների, այլև ըստ գործվածքի ամրության՝ նուրբ և ամուր։ Միասին լվանալու դեպքում նուրբ կտորից կարված հագուստը կարող է փչանալ։

Մի քանի խորհուրդ՝

  • Եթե մուգ հագուստը խամրվել է, ապա լվանալու ընթացքում ավելացրեք խոշոր աղ։ Այն կվերացնի լվացքի փոշու հետքերը և կվերադարձնի հագուստի նախնական գույնը։
  • Քացախը հզոր միջոց է, որը երաշխավորում է հագուստի գույնի պահպանումը։ Այն ոչնչացնում է փոշու հետքերը և բացի այդ, նաև նպաստում գործվածքի փափկեցմանը։ Փորձեք սպիտակ քացախ ավելացնել լվացվելու ընթացքում և չանհանգստանալ հոտի համար․ այն անմիջապես վերանում է չորանալուց հետո։
  • Եթե խուսափում եք քացախի հոտից, ուրեմն Ձեզ օգնության կգա կիտրոնի հյութը։ Այն ոչ միայն պահպանում է գույնը, այլև հաճելի բույր է հաղորդում գործվածքին։

Հետևեք այս քայլերին և մշտապես կունենաք գեղեցիկ ու նոր հագուստ։

Ինչպես մաքրել լվացքի մեքենան․ խորհուրդներ

Կենցաղային տեխնիկան հեշտացնում է տնային տնտեսուհու աշխատանքը, նվազեցնում է ծանրաբեռնվածությունն ու օգնում խնայել ժամանակը, ուստի դրանք ընտրելն ու նաև խնամելը մեծ ուշադրություն են պահանջում։
Որպեսզի լվացքի մեքենան անխափան աշխատի և երկար ծառայի, հարկավոր է ժամանակ առ ժամանակ մաքրել թմբուկը, զտիչն ու հեռացնել նստվածքը։

Առաջարկում ենք ծանոթանալ խնամքի մի քանի պարզ բաղադրատոմսերի, որոնք կօգնեն երկարացնել լվացքի մեքենայի կյանքը։

Լվացքի մեքենայի արտաքին մակերեսը մաքրելու համար նախ հարկավոր է անջատել հոսանքից, ապա սպասքի համար նախատեսված հեղուկը լցնել ջրի մեջ և սպունգի օգնությամբ սրբել։

Ինչպես հեռացնել նստվածքը

Լվացքի մեքենայի մեջ առաջացած նստվածքը կարելի է հեռացնել կիտրոնաթթվի օգնությամբ։

60-200 գրամ կամ 4-14 փաթեթ (15 գր) կիտրոնաթթուն (չափը կախված է թմբուկի մեծությունից) լցնում ենք թմբուկի կամ լվացքի փոշու համար նախատեսված մասնաբաժնում, այնուհետև ընտրում եք ամենաբարձր ջերմաստիճանն ու 1,5-2 ժամ լվանում, որի ընթացքում կրային նստվածքը քայքայվում է։ Այս գործողությունը կարելի է կրկնել 3-6 ամիսը մեկ անգամ։

Մաքրում ենք զտիչը (ֆիլտր)

Երբեմն լվացքի մեքենայից տհաճ հոտ է գալիս։ Պատճառը կարող է լինել զտիչը, որը մաքրելու համար առաջին հերթին անջատում ենք հոսանքից, ապա դադարեցնում ամբողջ ջրամատակարարումը։ Կոյուղու խողովակից հեռացնում ենք ջուրը՝ նախապես անջատելով այն կոյուղուց։
Ֆիլտրը սովորաբար լինում է լվացքի մեքենայի ներքևի վահանակի տակ։ Այն հանում ենք, մաքրում բորբոսն ու տհաճ հոտը, ապա կրկին դնում իր տեղում։

Մաքրում ենք թմբուկը

Թմբուկը մաքրելը կարևոր գործընթաց է, որը խորհուրդ է տրվում անել տարվա ընթացքում գոնե մեկ անգամ։
10 փաթեթ կիտրոնաթթուն լցնում ենք լվացքի փոշու համար նախատեսված հատվածում, ընտրում ենք ամենաուժեղ ռեժիմն առանց քամելու գործողության։

Ինչպե՞ս մաքրել
Մի քանի ճ/գ կերակրի սոդան լուծում ենք ջրի մեջ այնպես, որպեսզի ստացվի շիլայանման զանգված, ապա սպունգի օգնությամբ մաքրում ենք և 30 րոպե թողնելուց հետո սրբում չոր սպունգով։

Հետևեք այս խորհուրդներին, և լվացքի մեքենան կաշխատի այնպես, ինչպես նոր գնված ժամանակ՝ առանց անհանգստություն պատճառելու։

Նյութեր, որոնք խառնելն արգելված է

Մենք շատ հաճախ մտածում ենք, որ մի քանի մաքրող միջոց խառնելով՝ կստանանք առավել արդյունավետ միջոց, սակայն այդպես չէ։
Այսօրվա մեր հոդվածում կփորձենք պարզել, թե կենցաղում հաճախակի օգտագործվող ո՞ր նյութերը չի կարելի խառնել և ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ։

Եվ այսպես, եկեք պարզենք, թե որոնք են այդ արգելված նյութերը։

Ջրածնի պերօքսիդ + քացախ

Ջրածնի պերօքսիդն ու քացախը մեկ տարայի մեջ խառնել չի կարելի։ Պատճառն այն է, որ այդպիսի նյութերից ստացվում է պերօքսիդային թթու, որը պատկանում է ուժեղ օքսիդացնող նյութերի խմբին։ Այս խառնուրդը վտանգավոր չէ կյանքի համար, սակայն հրդեհավտանգ է։ Իսկ լուծույթի հետ շփումը կարող է գրգռել մաշկը, աչքերն ու շնչուղիները։

Սպիտակեցնող միջոց + քացախ

Սպիտակեցնող միջոցի ու քացախի միացության արդյունքում ստացվում է գազային քլոր, որը կարող է առաջացնել հազ, շնչառական խնդիրներ, այրոց և արցունքահոսություն։

Սպիտակեցնող միջոց + անուշադրի սպիրտ

Այս նյութերի միացությունն առաջացնում է այնպիսի հետևանքներ, ինչպես նախորդի դեպքում էր և բացի այդ, նաև՝ հևոց ու ցավ կրծքավանդակի շրջանում։
Հիշեք՝ անուշադրի սպիրտը հիանալի տարբերակ է պատուհաններն ու հայելիները մաքրելու համար, սակայն քլոր պարունակող նյութերի հետ խառնելն արգելվում է։

Սպիտակեցնող միջոց + սպիրտ

Այս նյութերը խառնելու հետևանքով ստացվում է քլորոֆորմ կոչվող նյութ, որի արդյունքում առաջանում է գլխացավ ու գլխապտույտ։

Դե ինչ, արդեն գիտեք, թե որ նյութերը խառնելու դեպքում ինչ հետևանքներ ու վտանգներ կարող են լինել։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Սխալներ, որոնք անում ենք մազերն ինքնուրույն ներկելիս

Մինչ 1950-ական թթ․ մազերը ներկելը համարվում էր անպարկեշտություն, և դա կարող էին անել միայն հայտնի դեմքերը, իսկ 1957 թվականից այն դարձավ սովորական երևույթ։ Եվ պատճառը ներկերի գովազդներն էին։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կանայք ցանկանում են մազերը ներկել բնական գույնը վերացնելու համար, ոմանք ուզում են թաքցնել սպիտակ մազերը, իսկ մյուսներն էլ ներկում են, քանի որ փոփոխությունների սիրահար են։
Կան կանայք, որոնք իրենց արտաքին տեսքի խնամքը վստահում են միմիայն իրենց, և մազերը ներկելը նույնպես բացառություն չէ։ Սակայն տան պայմաններում ներկելիս թույլ են տալիս մի շարք սխալներ, որոնք կարող են վնասել մազերը։

Եվ այսպես, ի՞նչ չի կարելի անել․․․․

Ներկը քսել թաց մազերին

Սովորաբար ներկի փաթեթի վրա նշված է լինում, թե ինչպես այն պետք է օգտագործել։ Բայց շատ հաճախ շտապում ենք ու անում քայլեր, որոնց արդյունքը չի լինում այնպիսին, ինչպիսին ակնկալում էինք։
Ներկը չի կարելի քսել թաց կամ խոնավ մազերին, քանի որ այն «կորցնում է ուժն» ու ավելի թույլ ազդեցություն ունենում։

Խնայել ներկը

Եթե ուզում եք, որ մազերն ամբողջովին ու հավասարաչափ ներկվեն, ապա չպետք է խնայեք։ Սա հատկապես վերաբերվում է խիտ և երկար մազեր ունեցողներին, որոնց համար երբեմն անհրաժեշտ է լինում մեկ տուփից ավելի ներկ։

Ներկը թողնել մազերին ավելի երկար, քան ցուցված է

Կա տարածված սխալ կարծիք, որ ներկը մազերին երկար պահելու դեպքում արդյունքը կլինի գերազանց։ Այն պետք է թողնել այնքան, որքան նշված է փաթեթի վրա, այլապես մազերը կվնասվեն։

Նախքան ներկը քսելը, օգտագործել բալզամ

Ներկելուց առաջ չի թույլատրվում օգտագործել բալզամներ և մազերի այլ խնամքի միջոցներ։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ գունային հավասարության վրա։ Բալզամների օգտագործելու դեպքում ներկը դժվարությամբ է կատարում իր դերը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում բալզամն օգտագործել մազերը ներկելուց հետո։

Ներկը քսել շատ կեղտոտ մազերին

Երբ մազերը շատ յուղոտ են կամ մազերի վրա մնացել են խնամքի միջոցների մնացորդներ՝ լաք, դոնդողակ և այլն, ապա այս դեպքում ներկը չի ունենում ամբողջական ազդեցություն և նորից ներկելու անհրաժեշտություն է լինում։ Պետք է մազերը լվանալ, չորացնել, ապա ներկել։
Հիշեցում՝ մազերը լվանալ չի կարելի ներկելուց անմիջապես առաջ։

Հետևեք այս խորհուրդներին և կխուսափեք մազերը վնասելուց, իսկ արդյունքում կունենաք գեղեցիկ ներկված առողջ մազեր։

Մաքրում ենք խոհանոցի լվացարանը

Խոհանոցն այն վայրն է, որը մշտապես պետք է լինի կոկիկ և աչքի ընկնի կատարյալ մաքրությամբ․ չէ՞ որ հենց այստեղ են պատրաստվում մեր սիրելի կերակուրները, հենց այստեղ ենք մենք սնվում և անցկացնում օրվա որոշակի մասը։
Լվացարանը խոհանոցի անբաժանելի մասն է կազմում․ այն օգտագործում ենք մթերքներ ու սպասք լվանալու համար, ուստի ամենօրյա խնամքն այս դեպքում պարտադիր պայման է։ Սակայն ինչպես լոգասենյակում, այնպես էլ խոհանոցում խոնավության հետևանքով կրային նստվածքի առաջացումից խուսափելն անհնարին է։ Արդյունքում լվացարանը պատվում է կրային նստվածքով և որոշ ժամանակ անց խոհանոցի ու լոգասենյակի ծորակներն ու լվացարանները չեն ունենում նախկին փայլը։
Բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է անել այնպես, որ լվացարանը պահպանի մշտական փայլն ու մաքրությունը։
Գոյություն ունեն բազմաթիվ մաքրող միջոցներ, որոնց շարքերում առանձնանում են «Նաշ Սադ» ապրանքանիշի մաքրող ու ախտահանող միջոցները։ Դրանց շնորհիվ ոչ միայն հեռացվում է կրային նստվածքն, այլև պարբերաբար օգտագործելու դեպքում կանխում առաջացումը։

Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է լվացարանը մաքրել, եթե ձեռքի տակ չունեք հատուկ մաքրող միջոցներ։

Մի քանի ժողովրդական միջոց լվացարանը մաքրելու համար

Քացախ

Սպունգը կամ կտորը թրջում ենք քացախով, ապա սրբում լվացարանի կեղտոտ հատվածները։ Նույն գործողությունը կարելի է անել նաև կիտրոնաթթվի միջոցով, որը նույնպես գերազանց մաքրում է։

Անուշադրի սպիրտ

Սա ոչ միայն մաքրող, այլև ախտահանող դեր է կատարում։ Մաքրումը շատ պարզ է։ Անուշադրի սպիրտը լցնում ենք լվացարանի կեղտոտ հատվածների վրա և թողնում 1 ժամ, ապա տաք ջրով լվանում։

Ինչպես լվացարանը մաքրել հատուկ միջոցներով

Սպասքից սննդի մնացորդները հեռացնելուց և լվանալուց հետո վերցնել մեկ այլ սպունգ, պատել մաքրող միջոցով, սրբել լվացարանի հատակն ու կողային հատվածները, ապա փափուկ սպունգով մաքրել ծորակը։

Հիշեք՝ յուրաքանչյուր սանտեխնիկա պահանջում է ամենօրյա խնամք։ Միայն այդ դեպքում այն կծառայի երկար և կպահպանի իր նախնական տեսքը։

Ինչպես ճիշտ լվանալ սպիտակ սպասքը

Սպասքի մաքրությունը կախված է ինչպես ճիշտ խնամքից, այնպես էլ սպասք լվանալու միջոցների որակից։ Սա հատկապես կարևոր է, երբ գործ ունենք սպիտակ սպասքի հետ։ Ճիշտ է, այն գեղեցիկ ու յուրահատուկ է իր ճերմակությամբ, սակայն առանձնակի խնամք է պահանջում։
Ինչպե՞ս ճիշտ լվանալ սպիտակ սպասքը, որպեսզի մշտապես պահպանի իր ճերմակությունն ու գեղեցիկ փայլը։ Ահա այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Թվում է, թե սպիտակ սպասքի վրա առաջացած դեղին հետքերից հնարավոր չէ ազատվել և սպասքն այլևս օգտագործելու ենթակա չէ, սակայն սխալվում ենք։
Նախքան մաքրելու տարբերակներին անդրադառնալը, եկեք պարզենք սպիտակ սպասքի վրա հետքերի առաջացման պատճառները, որոնք են՝

  • Երկար ժամանակ սպասքը կեղտոտ թողնելը
  • պասք լվանալու անորակ հեղուկներ օգտագործելը
  • Ջրի «կոշտ» լինելը

Ինչպես սպիտակեցնել սպասքը

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի միջոցների, որոնցով նույնպես կարելի է մաքրել սպասքն ու ունենալ հիանալի արդյունք։

Կիտրոնաթթու

Սպասքը պատում ենք կիտրոնաթթվով և 15 րոպե թողնում, որից հետո պարզաջրում ենք տաք ջրով։

Սոդայի և ջրածնի պերօքսիդի խառնուրդ

Սպասքի վրա առկա ցանկացած հետք կարելի է հեռացնել նաև սոդայով ու ջրածնի պերօքսիդով պատրաստված լուծույթով, որոնք ունեն ախտահանող նշանակություն։ Սոդան ու ջրածնի պերօքսիդը հավասար քանակությամբ խառնում ենք, այնուհետև սպունգի օգնությամբ տարածում սպասքի վրա և լվանում տաք ջրով։

Մանանեխ

Եթե տանն ունեք մանանեխի փոշի, ապա դրանով կարելի է պատրաստել հիանալի մաքրող միջոց սպասքի վրայից դեղին հետքերը վերացնելու համար։
Վերցնում ենք մեծ տարա, ավելացնում ենք տաք ջուր, ապա՝ մի քանի գդալ մանանեխի փոշի։ Սպասում ենք մոտ 1 ժամ, որպեսզի մանանեխի փոշին լուծվի։ Այնուհետև սպունգը պատում ենք ստացված խառնուրդով ու մաքրում սպասքը։ Արդյունքում դեղին հետքերը վերանում են, և ճերմակությունը վերականգնվում է։

Եթե նախընտրում եք սպասքը լվանալ հատուկ միջոցներով, ապա ԳՌՕՄ ընկերությունն առաջարկում է սպասք լվանալու բարձրորակ միջոցներ, որոնք կարելի է գտնել ցանկացած խանութում։

Ընտրեք ԳՌՕՄ՝ նախապատվությունը տալով որակին։

Յուղոտ մազերի խնամք

Հաճախ ենք լսում ու նկատում, որ յուղոտ մազերը սանրվածքը «չեն պահում», օրվա վերջում թվում են կեղտոտ և կորցնում իրենց առողջ ու գեղեցիկ տեսքը։
Մազերի յուղոտման պատճառները կարող են պայմանավորված լինել և՛ առողջական խնդիրներով, և՛ արտաքին գործոններով՝ այսինքն՝ ոչ ճիշտ խնամքով։
Ի՞նչ անել յուղոտ մազերը ճիշտ խնամելու համար։ Հենց այս մասին էլ կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Ինչպես գիտենք, ճարպի առաջացումը օրգանիզմին բնորոշ երևույթ է։ Այն սնուցում է մազերը, սակայն մեծ քանակությամբ ճարպի անջատումն արդեն լուրջ խնդիր է դառնում շատերի համար։
Մինչ խնամքի կանոններին անդրադառնալը, եկեք պարզենք, թե որ գործոններն են նպաստում մազերի յուղոտմանը։

Մազերի յուղոտման արտաքին գործոններն են՝

  • Վարսահարդարիչի, մազերի արդուկի և այլ գործիքների հաճախակի օգտագործումը
  • Սխալ ընտրված խնամքի միջոցներն ու դրանց ոչ ճիշտ օգտագործումը
  • Մազերը շատ տաք ջրով լվանալը
  • Սխալ և ոչ բալանսավորված սննդակարգը

Յուղոտ մազերի ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է հետևել այս կանոններին՝

Չի կարելի մազերը հաճախակի լվանալ

Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել մազերը հաճախակի լվանալուց։ Եթե լվանում եք ամեն օր, ապա փորձեք աստիճանաբար օրերի քանակն ավելացնել՝ լվանալով երկու օրը մեկ սկզբունքով։

Պահպանեք լվանալու կանոնները

Շամպունը մազերին տարածելուն զուգահեռ մերսեք գլխամաշկը։ Այդ գործողությունը պետք է անել ոչ ավելի, քան երկու անգամ։ Գլխամաշկի մերսումն օգնում է մազերից հեռացնել արտաքին փոշին ու առաջացած ճարպը։

Բալզամը չի կարելի տարածել արմատներին

Բալզամի ճիշտ օգտագործումը կարևոր է ինչպես յուղոտ, այնպես էլ մյուս տեսակի մազերի համար։ Այն պետք է քսել մազերի ծայրերին, մերսել 3 րոպե, ապա լվանալ տաք ջրով։ Արմատներին քսելու դեպքում կխցանվեն մաշկի ծակոտիներն ու կնպաստեն մեծ քանակությամբ ճարպի արտազատմանը։

Մազերը պարզաջրեք սառը ջրով

Ոչ շատ տաք ջրով լվանալուց հետո մազերը պարզաջրեք սառը ջրով։ Այն հանգստացնում է գլխամաշկն ու փակում ծակոտիները։

Ի դեպ, ԳՌՕՄ ընկերությունն առաջարկում է տարբեր տեսակի, այդ թվում նաև՝ յուղոտ մազերի համար նախատեսված շամպուններ ու բալզամներ, որոնք օգտագործելու դեպքում կունենաք առողջ ու գեղեցիկ մազեր։

Մի քանի միջոց կրային նստվածքը հեռացնելու համար

Լոգասենյակն այն վայրն է, որտեղ բարձր խոնավության պատճառով կրային նստվածքի առաջացումն անխուսափելի է։ Ուստի պարբերաբար մաքրությունն անհրաժեշտ է, այլապես կեղտը կկուտակվի և դրանից ազատվելն ավելի մեծ ջանք ու ժամանակ կպահանջի։
Ներկայացնում ենք մի քանի միջոց լոգասենյակում ապակյա մակերեսների վրա առաջացած կրային նստվածքից ազատվելու համար։
Մաքրող միջոցները լավագույն տարբերակն են։ «Նաշ Սադ»-ի մաքրող ու ախտահանող միջոցները ոչ միայն ախտահանում, այլև հեռացնում են նստվածքն ու պարբերաբար օգտագործելու դեպքում նաև կանխում այն։
Իսկ եթե ձեռքի տակ չունեք որևէ մաքրող միջոց, ապա նստվածքից կարելի է հեշտությամբ ազատվել նաև ժողովրդական միջոցներով։

Քացախ

Մետաղյա և ապակյա մակերեսներից կրային նստվածքը հեռացնելու համար քացախն ու հեղուկ օճառը խառնեք (1։1 հարաբերությամբ), և այդ խառնուրդը լցրեք կեղտոտ հատվածներում։ 30 րոպե թողնելուց հետո մաքրեք խոնավ կտորով։

Անուշադրի սպիրտ

Շատ տնային տնտեսուհիներ խուսափում են անուշադրի սպիրտը մաքրության մեջ կիրառելուց սուր հոտի պատճառով։ Սակայն չպետք է մոռանալ վերջինի մաքրող հատկության մասին։
Ջուրն ու անուշադրի սպիրտը հավասար քանակությամբ խառնում ենք, ապա մաքուր կտորը թրջում պատրաստած լուծույթով և տարածում ենք  կեղտոտ հատվածների վրա։ Մոտ մեկ ժամ թողնելուց հետո նստվածքը հեռացնում ենք սպունգի օգնությամբ։    

Կերակրի սոդա

Սոդան կրային նստվածքը վերացնելու հիանալի միջոց է։ Այն խառնում ենք փոքր քանակությամբ ջրի հետ միասեռ խառնուրդ ստանալու համար։ Սպունգի օգնությամբ տարածում ենք կեղտոտ մակերեսի վրա, թողնում 10-15 րոպե, ապա մաքրում կտորով։

Կիտրոն

Կիտրոնը պակաս մաքրող հատկություններ չունի։ Ապակյա կամ մետաղյա մակերեսը մաքրում ենք կիտրոնի հյութով ու թողնում 10-15 րոպե։ Այնուհետև հյութի մնացորդները մաքրում ենք խոնավ կտորով։

Ահա մի քանի արդյունավետ ու փորձարկված տարբերակ, որոնք կհեշտացնեն մաքրության գործընթացը։

Ինչպես սոսնձի հետքերը վերացնել մաշկի վրայից

Գոյություն ունեն սոսնձի տարբեր տեսակներ, որոնցից մեկն ու ամենաարդյունավետը «Սուպերկլեյ» կոչվող սոսինձն է։ Այն պատահական չի ստացել իր անվանումը, քանի որ շատ արագ և ամուր սոսնձում է գրեթե ցանկացած իր։ Իսկ եթե պատահաբար հայտնվում է ձեռքի մաշկին, ապա պետք չէ խուճապի մատնվել։ Առաջարկում ենք 4 մեթոդ սոսնձի հետքերից արագ ազատվելու համար։

Եղունգի լաք մաքրող հեղուկ (ացետոն)

Ինչպես ցանկացած սոսինձ, այնպես էլ «սուպերկլեյ»-ը զգայուն է լուծիչների (растворитель) նկատմամբ։ Լուծիչների շարքին է պատկանում նաև եղունգի լաք մաքրող հեղուկը, որի միջոցով կարելի է ազատվել սոսնձից։
Այն անմիջապես քսում ենք սոսնձապատ հատվածին, իսկ եթե սոսինձն արդեն ներծծվել է մաշկի մեջ, ապա կեղտոտ հատվածը դնում ենք լաք մաքրող հեղուկով լցված տարայի մեջ և այդպես թողնում 5-7 րոպե։ Դա անելուց հետո լվացվում ենք տաք ջրով ու օճառով, ապա օգտագործում փափկեցնող կրեմ մաշկի չորացումից խուսափելու համար։

Աղաջուր

Եթե ձեռքի տակ չունենք եղունգի լաք մաքրող հեղուկ, ապա կարելի է դիմել կերակրի աղի օգնությանը։ Մինչ մաքրելը ձեռքը թրջում ենք տաք ջրով, որից հետո մոտ 10 րոպե դնում ենք աղաջրի մեջ։ Եթե սոսինձն արդեն հասցրել է չորանալ, ապա գործողությունը պետք է կրկնել մի քանի անգամ։

Սպասք լվանալու հեղուկ

Ամենապարզ մեթոդներից մեկը սպասք լվանալու հեղուկով մաքրելն է։ Տարայի մեջ լցնում ենք տաք ջուր, ավելացնում 5-6 կաթիլ սպասքի հեղուկ։ Սոսնձապատ հատվածները պատում ենք հեղուկով և թողնում մոտ 7 րոպե, ապա հեռացնում սոսնձի փափկած շերտը։

Բժշկական սպիրտ

Այս սպիրտն օգտագործվում է կենցաղում տարբեր հետքեր, այդ թվում նաև՝ սոսինձը վերացնելու համար։ Այն, ի տարբերություն վերը նշված մեթոդների, ավելի շատ ժամանակ է պահանջում։
Սոսնձով պատված հատվածը թրջում ենք տաք ջրով, լվանում օճառով, ապա մշակում սպիրտով թրջած բամբակով։ Տրորում ենք այնքան, մինչև սոսինձն ամբողջությամբ հեռացվի։ Այնուհետև լվացվում ենք ու օգտագործում փափկեցնող կրեմ։

Սոսնձով աշխատելիս նման իրավիճակներում հայտնվելու դեպքում արդեն գիտեք, թե ինչ պետք է անել։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես լվանալ ջինսե հագուստը․ մի քանի խորհուրդ

Ջինսը հագուստի ամենատարածված տեսակներից է, որը կրում են բոլորը՝ փոքրից մեծ։ Պատճառն այս հագուստի հարմարավետությունն է, ինչն առօրյայում հանգիստ կրելու հնարավորություն է տալիս։
Չնայած այս ամենին՝ շատերը չգիտեն՝ ինչպես ճիշտ խնամել ջինսե հագուստը, որպեսզի այն պահպանի գույնն ու որակը։
Ինչո՞ւ է ջինսը ժամանակից շուտ կորցնում իր նախնական տեսքը, ի՞նչ սխալներ ենք անում և ինչպե՞ս պետք է այն լվանալ։ Այս հարցերի պատասխանները կգտնեք մեր այսօրվա հոդվածում։

Սխալներ, որոնց հետևանքով ջինսն այլևս կրելու ենթակա չէ

Սխալ լվացման արդյունքում ջինսը կարող է փոքրանալ ու գունաթափվել։ Պատճառները մի քանիսն են՝

  • Չափազանց տաք ջուր։ Ջինսը չի կարելի լվանալ շատ տաք ջրով, որպեսզի չգունաթափվի և պահպանի իր նոր տեսքը։
  • Սխալ ընտրված լվացքի հեղուկ։ Լվացքի փոշիներն ու գելերը նույնպես կարող են փչացնել հագուստը։ Սա հատկապես տեղի է ունենում այն դեպքում, երբ հեղուկն անմիջական շփում է ունենում հագուստի հետ, այսինքն՝ օգտագործվում է առանց ջրի մեջ լուծելու։
  • Հաճախակի լվացում։ Պետք է խուսափել ջինսը հաճախակի լվանալուց, հատկապես եթե այն կեղտոտ չէ։ Հեղուկի հետ հաճախակի շփումը խամրեցնում ու վնասում է կտորը։
  • Շատ տրորել ու սխալ քամել։ Ջինսը շատ տրորելու և սխալ քամելու արդյունքում դեֆորմացվում է։

Ահա այն սխալները, որոնք մենք անում ենք ջինսե հագուստը լվանալիս։ Իսկ այժմ եկեք պարզենք, թե ինչպես այն պետք է ճիշտ խնամել։

Ինչպես լվանալ ջինսե հագուստը

Առաջին հերթին պետք է հետևել պիտակի վրա նշված ցուցումներին։ Ջինսը թույլատրվում է լվանալ ինչպես ձեռքով, այնպես էլ լվացքի մեքենայով։

  • Նախքան լվանալն այն պետք է նախապատրաստել, այսինքն՝ կոճակներն ամրացնել, ճարմանդները կոճկել, ինչի շնորհիվ կպահպանվի ուղիղ ձևն ու արդուկելիս դժվարություն չի առաջացնի։
  • Անպայման ստուգել գրպանների պարունակությունը։
  • Եթե վրան առկա են ասեղնագործած հատվածներ, ապա շրջել հակառակ կողմով՝ դրանք չվնասելու համար։
  • Լվացքի մեքենայով լվանալիս ջրի ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան և ոչ ավելի, իսկ պտույտների քանակը՝ ոչ ավելի քան 800։
  • Պարզաջրելու ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել փափկեցնող միջոց, ինչի շնորհիվ հագուստին կհաղորդվի ոչ միայն փափկություն, այլև հաճելի բույր։

Դե ինչ, հետևեք այս խորհուրդներին, պահպանեք խնամքի կանոններն, ու արդյունքում ջինսե հագուստը կծառայի ավելի երկար, քան ակնկալում եք։

Սխալներ, որոնք թույլ ենք տալիս հագուստը լվացքի մեքենայով լվանալիս

Հագուստն առանձնակի խնամք է պահանջում, սակայն շատ հաճախ մենք անուշադրության ենք մատնում պիտակի վրա նշված ցուցումներն ու բոլոր տեսակի գործվածքները լվանում ենք միևնույն ռեժիմով։ Սխալ լվացման արդյունքում նոր հագուստը վերածվում է անպետք կտորի։ Սա վկայում է լվանալու կանոնները չպահպանելու մասին։ Ի՞նչ անել հագուստի նոր տեսքն ու որակը պահպանելու համար։

Ներկայացնում ենք ամենատարածված սխալները, որոնք կօգնեն պահպանել հագուստի պատշաճ տեսքն՝ անկախ որակից։

Մի չարաշահեք լվացքի փոշին

Երբեմն լվացքի փոշու քանակը չարաշահում ենք՝ մտածելով որքան շատ, այնքան ավելի լավ։ Մինչդեռ, երբ փոշին մնում է գործվածքի մեջ, խամրեցնում է հագուստը՝ հաղորդելով հին ու մաշված տեսք։ Բացի այդ, լվացքի փոշու ավելորդ կորուստ է լինում։

Մի տրորեք հագուստը

Երբ հագուստի վրա որևէ հետք է լինում, անպայման փորձում ենք տրորելով հեռացնել՝ արդյունքում վնասելով այն։ Խորհուրդ է տրվում հաշվի առնել գործվածքի նրբությունն ու խուսափել ուժգին տրորելուց։

Առանձնացրեք գործվածքն ըստ տեսակի

Կեղտոտ հագուստը պետք է տարբերակել ոչ միայն գույներով, այլև կտորի տեսակներով։ Այդպես կհեշտացնեք լվացման գործընթացն, ու նուրբ կտորից հագուստը կլինի պաշտպանված։

Մի ծանրաբեռնեք լվացքի մեքենան

Երբ լվացքի մեքենան ծանրաբեռնում ենք, ոչ միայն հագուստն է վատ լվացվում, այլև լվացքի մեքենան ժամանակի ընթացքում սկսում է կորցնել նախկին հզորությունն ու ծառայում է նախատեսվածից ավելի քիչ։

Մանր իրերի համար օգտագործեք հատուկ պարկ

Առանձնացրեք մանր իրերն ու դրանց համար օգտագործեք հատուկ ցանցանման պարկեր։ Դրանց շնորհիվ մանր իրերը հիանալի կլվացվեն ու չեն վնասի լվացքի մեքենան։

Մի մոռացեք լվացքի մեքենայի խնամքի մասին

  • Լվացքից հետո սպիտակեղենը երկար մի թողեք լվացքի մեքենայի մեջ։
  • Մաքրող միջոցի տարածման չափամանը ժամանակ առ ժամանակ լվացրեք ու չորացրեք:
  • Թմբուկի ռեզինը մաքրեք թղթե անձեռոցիկով, որպեսզի չոր ու մաքուր մնա:
  • 4 ամիսը մեկ անգամ կատարեք լվացքի մեքենայի լվացում։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ ունենալ մաքուր ու ճիշտ խնամված հագուստ։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։