Grom.am – GROM լվացող և մաքրող միջոցներ

Ինչպես վերացնել տան տհաճ հոտը

Բնակարանում տհաճ հոտի առաջացումը պայմանավորված է մի շարք պատճառներով։ Եկեք պարզենք, թե որոնք են դրանք և ինչպես բնակարանում պահպանել մաքուր ու թարմ օդը։

Մի՛ մոռացեք, որ գոյություն ունեն տարբեր սենյակներ։ Օրինակ՝ խոհանոցում պատրաստվում են կերակուրներ, լոգասենյակն առանձնանում է բարձր խոնավությամբ և այլն։ Իսկ եթե տունն արդեն իսկ խոնավ է, ապա տհաճ հոտն անխուսափելի է։ Այս դեպքում չի փրկի ո՛չ անընդհատ օդափոխությունը, ո՛չ անուշաբույր սփրեյների օգտագործումը։

Տհաճ հոտի պատճառ կարող են լինել տարբեր սենյակներում դրված կենցաղային իրերը՝ կեղտոտ սպիտակեղենով զամբյուղ, մթերքներով լի պահարան, կոշիկներով լի դարակներ, ներքնակներ և այլն։ Ինչպես նաև՝

  • ալկոհոլի ու ծխախոտի օգտագործումը
  • կենդանիների առկայությունը
  • ժամկետանց սնունդը
  • կոյուղին
  • վատ օդափոխությունը

Ինչպես վերացնել տհաճ հոտը

Դա անելու համար առաջին հերթին պետք է պարզել աղբյուրն ու փորձել վերացնել։

  • Անհրաժեշտության դեպքում փոխեք կոյուղու խողովակները
  • Դեն նետեք հին ապրանքները
  • Օրական մի քանի անգամ օդափոխեք սենյակները
  • Առանձնացրեք կեղտոտ իրերը
  • Ժամանակ առ ժամանակ մաքրեք սառնարանն ու դեն նետեք հին մթերքը

Իսկ ամենաարագ միջոցներից են տարբեր բույրերով օդի թարմացուցիչները, անուշաբույր մոմերը, եթերային յուղերը և այլն։

Ժողովրդական միջոցներ

Տհաճ հոտը վերացնելու հարցում մեզ օգնության են գալիս նաև ժողովրդական փորձված միջոցները՝ կիտրոնի հյութը, քացախը, մանգանակալիական լուծույթը (марганцовка), անուշադրի սպիրտը, ածուխը և այլն։

Ահա դրանցից մի քանիսի կիրառման եղանակները

  • Կիտրոնը բաժանում ենք ոչ շատ մեծ կտորների ու դնում սկուտեղի մեջ։ Մի քանի ժամ անց այն իր մեջ է ներծծում ծխախոտի ծխի հոտը։ Բացի այդ, ցիտրուսային մրգերի մեջ պարունակվող եթերային յուղերը գոլորշիանում են՝ օդը լցնելով հաճելի բույրով։
  • Թվում է, թե քացախն ինքնին ուժեղ հոտ ունեցող նյութ է, սակայն եռացնելուց հետո որոշ ժամանակ խոհանոցում մնալուց հետո քացախի հոտն անհետանում է՝ վերացնելով նաև մյուս տհաճ հոտերը։
  • Մանգանակալիական լուծույթը հիանալի միջոց է հոտերի դեմ պայքարելու համար։ Մի քանի բյուրեղ լցնում ենք ջրի մեջ, ստանում ենք բաց վարդագույն լուծույթ, ինչն էլ օգնում է ազատվել տհաճ հոտերից։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես մաքրել արդուկը

Երկարատև օգտագործումից հետո անգամ նոր սերնդի արդուկների վրա առաջանում է նստվածք։ Հիմնական պատճառներից մեկը ջերմաստիճանի ռեժիմին անհամապատասխանությունն է, կոշտ ջրի օգտագործումը, արդուկող հատվածում վնասվածքների առաջացումը։

Ինչպես արդուկը մաքրել այրվածքներից

Կերակրի աղ

Կերակրի աղը շաղ ենք տալիս հաստ թղթի վրա և տաքացրած արդուկն անցկացնում վրայով այնքան, մինչև նստվածքը վերջնականապես մաքրվի։

Կերակրի սոդա

1թ/գ սոդան խառնում ենք 1 ճ/գ ջրի հետ, բամբակը թրջում ենք ստացված լուծույթով և լավ տրորում ենք կեղտոտ մակերեսը (հիշեք՝ արդուկը պետք է լինի սառը վիճակում)։ Մնացորդները հեռացնում ենք սպունգի օգնությամբ, ապա մաքրում փափուկ կտորով։

Քացախ

Արդուկի մակերեսը մաքրում ենք քացախով թրջած բամբակով։ Այնուհետև արդուկում քացախով թրջած թանզիֆը (марля):

Ջրածնի պերօքսիդ

Թեթև տաքացրած արդուկի մակերեսը մաքրում ենք ջրածնի պերօքսիդով թրջած լուծույթով, որից հետո անցքերի վրա հավաքված կեղտի հետքերը  հեռացնում ենք մաքուր բամբակով։

Ինչպես մաքրել արդուկի ծածկույթը

Արդուկը մաքրելիս անպայման պետք է հաշվի առնել ծածկույթի տեսակը։

Կերամիկական ծածկույթը չի կնճռոտում կտորը, սակայն քերծվածքներ առաջանալու դեպքում արդուկումը դառնում է դժվար։ Կերամիկան պետք է մաքրել զգուշորեն։ Այս հարցում ձեզ կօգնեն քացախը, ատամի մածուկը, ջրածնի պերօքսիդը, սովորական տնտեսական օճառը։

Տեֆլոնային ծածկույթ

Սա չի այրվում, սակայն մետաղի հետ շփման դեպքում վրան կարող են առաջանալ քերծվածքներ, ուստի խուսափեք արդուկը տաք վիճակում մետաղի վրա դնելուց։

Տեֆլոնային ծածկույթը կարելի է մաքրել հատուկ մատիտի, պարաֆինի, ջրածնի պերօքսիդի և քացախի միջոցով։

Ինչպես խուսափել արդուկի վրա այրվածքների առաջացումից

  • Յուրաքանչյուր օգտագործումից հետո արդուկի մակերեսը մաքրել փափուկ կտորով
  • Ուսումնասիրել օգտագործման ցուցումները՝ ընտրելով կտորին համապատասխան ջերմաստիճանը
  • Ուսումնասիրել գործվածքի արդուկման ցուցումները պիտակի վրա
  • Նուրբ կտորներն արդուկելիս օգտագործել խոնավ թանզիֆ
  • Օգտագործել միայն «փափուկ»՝ թորած ջուր

 Հիշեք՝ արդուկի ճիշտ խնամքը կօգնի զգալիորեն երկարացնել օգտագործման ընթացքը։

Ինչպես մաքրել բորբոսի հետքերը

Բորբոս կոչված երևույթը ծանոթ է շատերին։ Այն հայտնվում է պաստառներին կամ պատերին  անգամ նոր կատարած վերանորոգումից հետո։

Շատերը ոչինչ չեն ձեռնարկում՝ կարծելով, որ մեծ խնդիր չէ։ Սակայն բորբոսը լուրջ թշնամի է և վտանգավոր ոչ միայն կահույքի ու պատերի, այլև առողջության համար։ Ուստի այն նկատելուն պես պետք է անմիջապես գործի անցնել։

Եկեք պարզենք, թե ինչպես կարելի է բորբոսը հեռացնել պատերից։

 

Ինչո՞վ է բորբոսը վտանգավոր

Բորբոսի բջիջներն արտադրում են ածխաթթու գազ, ինչն իր հերթին առաջացնում է հազարավոր սպորներ, որոնք տարածվում են ամբողջ սենյակում։

Բորբոսը կարող է դառնալ այնպիսի հիվանդությունների պատճառ, ինչպիսիք են՝ բրոնխյալ ասթման, մարսողական տրակտի հետ կապված հիվանդությունները։ Այն կարող է լինել նաև ալերգիաների ու մաշկային հիվանդությունների պատճառ։

 

Ինչպես վերացնել բորբոսը ձեռքի տակ եղած միջոցներով

Մեթոդ 1 – Սպիտակեցնող միջոց

Սպիտակեցնող միջոցը տան պայմաններում բորբոսից ազատվելու հիանալի տարբերակ է։ Դրա մեջ առկա է նատրիումի հիպոքլորիդ, որն ազդում է բորբոսի ու դրանից առաջացած սպորների վրա։ Այն կարելի է օգտագործել ապակու, սալիկների, լոգարանի վրա առաջացած բորբոսից ազատվելու համար, բայց անարդյունավետ է փայտի, գիպսակարտոնի դեպքում։ Պատճառն այն է, որ քլորը չի ներծծվում նյութի մեջ, այլ գործում է միայն մակերեսի վրա։

Պատրաստում ենք սպիտակեցնող միջոց և ջուր 1։10 հարաբերակցությամբ, տարածում ենք բորբոսապատ հատվածի վրա, սպասում ենք մինչև չորանա, ապա լվանում ենք։

 

Մեթոդ 2 – Ջրածնի պերօքսիդ

Ջրածնի պերօքսիդը բորբոսը վերացնող լավագույն միջոցներից մեկն է։ 3%-անոց ջրածնի պերօքսիդը լցնում ենք բորբոսից մաքրած մակերեսի վրա և չենք մոռանում, որ պերեկիսն ունի սպիտակեցնող հատկություն, ուստի պետք է խուսափել ներկված մակերեսների համար կիրառելուց։

 

Մեթոդ 3 – Անուշադրի սպիրտ

Ամոնիակը հիանալի ներգործություն է ունենում օրինակ՝ սալիկների, ապակե մակերեսների վրա առաջացած բորբոսի վրա։ Այն խառնում ենք ջրի հետ 1։1 հարաբերակցությամբ և ցողում բորբոսապատ մակերեսի վրա, որից հետո լվանում ենք ջրով ու լավ օդափոխում սենյակը։

Դե ինչ, արդեն գիտեք, թե ինչպես կարելի է մաքրել բորբոսը ձեռքի տակ եղած նյութերով, սակայն մինչ դա անելը, փորձեք պարզել դրա առաջացման պատճառներն, ապա վերացնել։

 

Ինչպես թանաքի հետքերը վերացնել հագուստի վրայից

Գրիչով խաղալն առաջին հայացքից թվում է անմեղ սովորություն, սակայն շատ դեպքերում հետևանքը լինում է թանաքի հետքերով պատված հագուստ։ Ի՞նչ անել այս դեպքում, ինչպե՞ս թանաքի հետքերը վերացնել առանց քիմմաքրման։

  • Առաջին հերթին հարկավոր է կանգնեցնել թանաքի տարածումն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են կավճի փոշին, օսլան։ Դրանց շնորհիվ թանաքը չի ներթափանցի կտորի մեջ։
  • Դիմել լաքահանիչ նյութի օգնությանը։ Այն լցնել կեղտոտ հատվածի վրա, մի քանի րոպե թողնել, ապա լվանալ սառը ջրով։
  • Թանաքը հագուստի վրայից հեռացնելիս օգնության է գալիս սպիրտը։ Թրջած բամբակով մշակում ենք թանաքի հետքը, իսկ բաց երանգ ստանալուց հետո լվանում ենք։
  • Հագուստի վրայից թանաքը հեռացնելու արդյունավետ տարբերակներ են նաև կիտրոնն ու կաթը, որոնց շնորհիվ լաքան չի ներծծվում գործվածքի մեջ և հեշտությամբ է լվացվում։

Շտապելով լաքան հեռացնել՝ մի՛ մոռացեք գործվածքի տեսակների ու նյութերի ունեցած ազդեցությունների մասին, որոնք կարող են վնասել այն։

Ահա մի քանի կանոններ, որոնք պետք է պահպանել՝

  • Խուսափեք լաքան երկար մշակելուց
  • Սպիրտը, կիտրոնի հյութը բացի այն, որ արդյունավետ են, նաև ագրեսիվ նյութեր են և անզգույշ լինելու դեպքում հնարավոր է լաքայապատ հատվածի վրա անցք առաջանա կամ կտորը քայքայվի
  • Փորձեք կարգավորել նաև ջրի ջերմաստիճանը՝ խուսափելով շատ տաք ջրից, քանի որ այն կարող է նպաստել թանաքի ներծծմանը կտորի մանրաթելերի մեջ և դժվարացնել լվանալու գործընթացը։

Ինչպե՞ս թանաքը հեռացնել գունավոր կտորի վրայից

Թանաքի հետքերը գունավոր հագուստի վրայից հնարավոր է հեռացնել մաքրող հեղուկի օգնությամբ։
Այն լցնում ենք կեղտոտ հատվածի վրա, 20 րոպե թողնում, ապա լվանում ենք։
Խորհուրդ է տրվում նաև օգտագործել անյուղ կաթ, ինչի շնորհիվ կկարողանաք կանխել թանաքի ներծծումը, որից հետո միայն կարելի է լվանալ լվացքի հեղուկով։
Կարելի է նաև մշակել սպիրտով թրջած բամբակով։ Ի դեպ, սպիրտը չի վնասում ու խամրեցնում գործվածքը։

Տեսնո՞ւմ եք, որ անգամ ամենանվտանգ սովորությունները կարող են խնդիրների պատճառ դառնալ։ Այնպես որ, եղեք զգույշ և զերծ մնացեք ավելորդ անհանգստություններից։
Կարդացեք նաև «Ինչպես քրտնքի հետքերը վերացնել սպիտակ հագուստի վրայից» հոդվածը։

Պատրաստում ենք շամպուն մեր սիրելի չորքոտանիների համար

Մեր հավատարիմ բարեկամների՝ շների, մաքրությունն ու խնամքը պակաս կարևոր չէ: Ուստի առաջարկում ենք շամպունի մի քանի բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ հեշտ կազմակերպել նրանց խնամքը։

Պատրաստում ենք չոր շամպուն

Շանը հաճախակի լողացնելը նպաստում է մաշկի չորացմանը։ Եվ որպեսզի խուսափեք դրանից, ապա կարող եք տան պայմաններում պատրաստել չոր շամպուն։
Դրա համար մեզ անհրաժեշտ են՝

  • 1 (միջին չափի) բաժակ կերակրի սոդա
  • 1 (միջին չափի) բաժակ եգիպտացորենի օսլա
  • Մի քանի կաթիլ եթերային յուղ

Բաղադրիչները խառնում ենք ու ստացված զանգվածը շաղ տալիս կենդանու մարմնի վրա՝ զգուշորեն մերսելով խոզանակով։
Սա հիանալի միջոց է մորթու չոր մաքրման համար։

Շամպուն չոր մաշկի համար

Եթե շան մաշկը զգայուն կամ չոր է, ապա առաջարկում ենք շամպունի մեկ այլ բաղադրատոմս։
Մեզ անհրաժեշտ են՝

  •  1 լիտր ջուր
  •  1 բաժակ մանկական շամպուն կամ սպասք լվանալու հեղուկ
  •  1 բաժակ խնձորի քացախ
  • 1/3 բաժակ գլիցերին
  • 2ճ/գ ալոեի գել

Ի դեպ, վերջին երկու բաղադրիչները՝ ալոեն ու գլիցերինը, հանգստացնող նշանակություն ունեն։

Լվերի դեմ շամպուն՝ տան պայմաններում

Գոյություն ունեն շամպունի բազմաթիվ բաղադրատոմսեր լվերի դեմ պայքարելու համար։ Սակայն, եթե շան մաշկը զգայուն է, ապա կարելի է պատրաստել հենց այս տարբերակը։

  •  1լ ջուր
  •  1 բաժակ խնձորի քացախ
  • 1 բաժակ մանկական շամպուն կամ սպասք լվանալու հեղուկ

Բոլոր բաղադրիչները խառնում ենք ու ստացված շամպունով լողացնում։ Այն մոտ 5 րոպե թողնում ենք մարմնի վրա՝ այդ ընթացքում սանրելով, որպեսզի հեռացնեք լվերին։

Մեր հավատարիմ բարեկամներն այսուհետ կլինեն մաքուր ու մշտապես խնամված։ Այնպես որ, պահեք այս բաղադրատոմսերը ձեռքի տակ ու անպայման օգտագործեք։

Ինչպես ճիշտ լվանալ նորածնի հագուստը

Երեխայի լույս աշխարհ գալուց առաջ ծնողները նախապես պատրաստվում են։ Ամենահաճելի պահերից մեկը փոքրիկի համար հագուստ և անհրաժեշտ իրեր գնելն է։

Նորածնի խնամքի գործում չափազանց կարևոր է հագուստի ճիշտ խնամքը, ինչի մասին էլ կխոսենք մեր այսօրվա հոդվածում։

Շատ հաճախ մայրիկները նոր գնված հագուստի վրայից պիտակը հեռացնում են ու անմիջապես հագցնում փոքրիկին։ Դա ամենամեծ սխալներից մեկն է։

Նորածնի հագուստը պետք է նախապես լվանալ

Սա խորհուրդ են տալիս նաև բժիշկները․ չէ՞ որ հագուստը փոշու և մանրէների հսկայական աղբյուր կարող է լինել։ Նորածին երեխայի օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան՝ իմունիտետը, դեռևս լավ զարգացած չի լինում, իսկ հագուստի վրա առկա մանրէները կարող են բացասաբար անդրադառնալ փոքրիկի առողջության վրա։

Մի մոռացեք արդուկելու մասին

Կա ևս մեկ կարևոր պայման։ Հիշեք՝ լվանալուց բացի, հագուստը պետք է երկու կողմից արդուկել, որպեսզի բացառեք հիվանդածին մանրէների ու սնկերի առկայությունը։

Ինչպե՞ս լվանալ

Կան մայրիկներ, որոնք նախապատվությունը տալիս են ձեռքի լվացքին՝ կարծելով, որ ձեռքի լվացքն ավելի արդյունավետ կլինի։ Սակայն այն ունի երկու թերություն՝ պահանջում է ավելի մեծ ջանք ու ժամանակ և բացի այդ, շատ տաք ջրով լվանալ հնարավոր չէ։

Եթե նախընտրում եք լվանալ ձեռքով, ապա կրեք ձեռնոց, որպեսզի անընդհատ տաք ջրի հետ շփումը չչորացնի մաշկը։ Հագուստը լվանալուց հետո պարտադիր մի քանի անգամ պարզաջրեք։
Ինչ վերաբերում է լվացքի մեքենային, ապա կան տեսակներ, որոնք ունեն մանկական հագուստի լվացման ռեժիմ, ինչը թույլ է տալիս լվանալ ջրի բարձր ջերմաստիճանով։ Այս դեպքում էլ ցանկալի է պարզաջրման ռեժիմը կրկնել 2-3 անգամ։
Նախքան նորածնի հագուստը լվանալը լվացքի մեքենան հարկավոր է ախտահանել, ինչպես նաև լվանալ մեծերի հագուստից առանձին։

Հիշեք՝ պետք է օգտագործել նորածնի հագուստը խնամելու համար նախատեսված հատուկ միջոցներ, որոնք չեն պարունակի ֆոսֆատ և այլ ակտիվ նյութեր։ Դրանք կարող են ալերգիկ ռեակցիաներ կամ քոր առաջացնել երեխայի մոտ։ Խուսափեք նաև փափկեցնող, սպիտակեցնող և լաքահանող միջոցների օգտագործումից։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես ճիշտ սրբել փոշին

Փոշին մեզ շրջապատում է ամենուրեք՝ թե՛ տանը, թե՛ դրսում։ Անգամ ամենաաննկատ փոշին կարող է վնասակար լինել առողջության համար, ուստի դրանից ազատվելն ու ամենօրյա մաքրություն ապահովելը պարտադիր պայման է։

Առաջարկում ենք փոշին ճիշտ սրբելու մի քանի կանոն։

Պետք է մաքրել վերևից ներքև ուղղությամբ, որպեսզի արդեն մաքրված մակերեսները չպատվեն փոշու շերտով։
Շատ կարևոր է հոգ տանել փոշի կլանող իրերի մասին։ Օրինակ՝ կտորե բազմոցները, գորգերը, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել փոշեկուլով կամ խոնավ կտորով։
Չպետք է մոռանալ վարագույրների, շերտավարագույրների մասին․ դրանք նույնպես պետք է հաճախակի լվանալ ու թարմացնել։
Մեծ քանակությամբ փոշի է կլանում նաև զգեստապահարանը։ Պատկերացրեք, թե որքան փոշի ենք բերում փողոցից հագուստի միջոցով, ուստի զգեստապահարանում մշտապես պետք է կարգուկանոն լինի, իսկ սեզոնային հագուստը հարկավոր է պահպանել վակուումային տոպրակների մեջ։ Այս մասին կարդացեք մեր՝ «Ինչպես պահպանել սեզոնային հագուստը» հոդվածը։
Ցանկության դեպքում կարող եք դարակների կամ պահարանի վրա դնել թերթեր և հաճախակի փոխել։

Գրքերը

Գաղտնիք չէ, որ գրքերը փոշու և սնկի աղբյուր են, ուստի գրապահարանը պետք է մշտապես մաքրել, որպեսզի փոշին չկուտակվի մեր սիրելի գրքերի վրա։

Բույսերը

Սենյակային բույսերի տերևները նույնպես փոշի հավաքելու հատկություն ունեն։ Դա կարելի է վերացնել կտորով թեթևակի հպվելով։ Խուսափեք տերևները ջրով լվանալուց, քանի որ բույսը կարող է փտել։

Հատակը

Մի մոռացեք պահպանել հերթականությունը։ Մակերեսները մաքրելուց հետո՝ ամենավերջում, սրբեք հատակը։ Դա կօգնի պահպանել մաքրությունը։ Ի դեպ, դա կարելի է անել փոշեկուլի, ապա խոնավ կտորի օգնությամբ։

Անհրաժեշտ իրեր փոշուց ազատվելու համար

Հարթ մակերեսներից փոշին հեռացնելու լավագույն տարբերակը խոնավ կտորն է։ Բայց պետք է խուսափել նաև շատ խոնավ կտորով մաքրելուց, այլապես փոշին կվերածվի կեղտի։ Անհրաժեշտ է նաև փոշեկուլի առկայությունը, քանի որ փոշին հեշտությամբ է հեռացվում և բացի այդ, չի տարածվում։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փոշին ճիշտ հեռացնելու համար։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։

Ինչպես խնամել լամինատե հատակը

Լամինատը հատակի ամենատարածված ծածկույթներից մեկն է։ Այն կիրառվում է ինչպես բնակարանի, այնպես էլ կոմերցիոն տարածքների հատակները հարդարելու համար։

Լամինատե հատակ ընտրելիս չպետք է մոռանալ ամենակարևորի՝ խնամքի մասին։ Կախված հատակի կարգից՝ այն առանձնակի խնամք և ուշադրություն է պահանջում։

Որպեսզի լամինատը պահպանի իր նոր ու գեղեցիկ տեսքը, հարկավոր է այն ճիշտ խնամել։

Չոր մաքրում

Չոր մաքրում խորհուրդ է տրվում միայն մինչև 33 կարգի լամինատի դեպքում, քանի որ ծածկույթը խոնավակայուն չէ և ջրից կարող է վնասվել։

Այս դեպքում խորհուրդ է տրվում կեղտը հեռացնել ավելի կամ փոշեկուլի միջոցով։

Խոնավ մաքրում

Բարձր կարգի լամինատե հատակները (33 և 34 կարգի) կարելի է լվանալ հաճախակի՝ շաբաթական մեկ անգամ, իսկ լվանալուց անմիջապես հետո չորացնել։

Մի քանի կարևոր խորհուրդ

Կեղտոտվելու դեպքում անմիջապես մաքրել, որպեսզի կեղտը չներծծվի, և մաքրելը ավելորդ ջանք չպահանջի։

Օգտագործել հատուկ մաքրող միջոցներ, այլապես ծածկույթը կարող է վնասվել ու այլևս չվերականգնվել։

Լամինատը հաճախ վնասվում է կահույքից, ուստի հարկավոր է կահույքի ոտքերին ամրացնել կտոր, որպեսզի կահույքը տեղաշարժելուց հատակը չվնասվի։

  • Բացի հատուկ մաքրող միջոցներից, լամինատե հատակը կարելի է մաքրել նաև ժողովրդական մեթոդներով։

Թեթևակի կեղտոտ հատվածները հնարավոր է մաքրել քացախի օգնությամբ։ Մեկ բաժակ քացախը խառնում ենք 4 անգամ ավելի շատ ջրի հետ, ապա ստացված լուծույթով մաքրում։

  • Եթե ուզում եք լամինատին փայլ հաղորդել, դա կարելի է անել քացախի ու կիտրոնի խառնուրդով։

1,5 բաժակ քացախը խառնում ենք մեկ բաժակ կիտրոնի հյութի և 2 բաժակ տաք ջրի հետ։ Այնուհետև ավելացնում ենք 2-3 կաթիլ սպասք լվանալու հեղուկ և ստացված փրփրանման զանգվածով փայլեցնում լամինատը։

Հետևեք այս խորհուրդներին և մշտապես կունենաք կատարյալ մաքուր հատակ։

Սպասք լվանալու հեղուկի կիրառությունը

Անհնար է որևէ տուն պատկերացնել առանց սպասք լվանալու հեղուկի։ Այն մեր առօրյայի մի մասն է ոչ միայն սպասք լվանալիս, այլև մաքրության տարբեր աշխատանքներ կատարելիս։

Սպասք լվանալու հեղուկը կարելի է օգտագործել մի շարք նպատակներով՝

Հագուստի վրայից հետքերը վերացնելու համար

Յուղի կամ դժվար անցկացվող հետքերը սիրելի վերնաշապիկի վրայից վերացնելու համար օգնության է գալիս սպասք լվանալու հեղուկը։
Մի քանի կաթիլ լցնում ենք հետքի վրա, սպունգի օգնությամբ տրորում ենք, փոքր-ինչ սպասելուց հետո պարզաջրում ենք տաք ջրով։

Գորգերի մաքրում

Գորգը հեշտությամբ մաքրելու գործում նույնպես սպասք լվանալու հեղուկը հիանալի տարբերակ է։
1լ տաք ջուրը, 2ճ/գ սոդան, 3 ճ/գ սպասք լվանալու հեղուկը, 4 ճ/գ քացախաթթուն խառնում ենք։ Ստացված լուծույթով մշակում ենք գորգը, սպասում 2 րոպե, ապա սպունգի կամ կտորի օգնությամբ վերացնում ենք հետքերը։ Արդյունքն իսկապես հիանալի է։

Պլաստիկե մակերեսների մաքրում

Պլաստմասսայե մակերեսները կարելի է մաքրել նաև սպասք լվանալու հեղուկով՝ աթոռ, սեղան, պատուհանագոգեր և այլն։
Պատրաստում ենք օճառե լուծույթը՝ խառնելով ջուրը և սպասք լվանալու հեղուկը, ապա լցնում ենք պուլվիզատորի մեջ ու մաքրում։

Խոհանոցի մաքրություն

Խոհանոցը կարգի բերելու գործում սպասք լվանալու հեղուկը փրկություն կարող է լինել տնային տնտեսուհիների համար, երբ ձեռքի տակ չկան այլ մաքրող միջոցներ։
Սպասք լվանալու հեղուկն ու ջուրը խառնում ենք, ստացված լուծույթով սպունգի օգնությամբ մաքրում ենք կեղտոտ մակերեսները, ապա սրբում չոր կտորով։

Մաքրում ենք հատակը

Կան բազմաթիվ մաքրող միջոցներ՝ նախատեսված սալիկների և լինոլեումի համար, սակայն սպասք լվանալու հեղուկը պակաս արդյունավետ չէ։
Տաք ջրով լի դույլի մեջ լցնում ենք 2ճ/գ օճառի լուծույթը, և հատակը սովորականի պես մաքրում։

Այժմ արդեն գիտեք, թե ինչ անել, երբ ձեռքի տակ չունեք հատուկ մաքրող միջոցներ։ Այնպես որ, մաքրությունը հետաձգելու կարիք չկա։ Ամեն ինչ հեշտ է, երբ տանն ունեք սպասք լվանալու հեղուկ։

Ինչպես խնամել ձեռքի մաշկն ամռանը

Ձեռքի մաշկը ժամանակ առ ժամանակ պահանջում է վերականգնողական խնամք։ Շոգ եղանակին խնամքն ավելի, քան անհրաժեշտ է՝ առաջին հերթին մաշկը խոնավացնելու, ապա պաշտպանելու ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Առաջարկում ենք ծանոթանալ ամռանը ձեռքի մաշկի վնասման պատճառներին, ինչպես նաև այդ խնդիրները վերացնելու եղանակներին։

Ջրի հաճախակի օգտագործում

Ջրի հետ հաճախակի շփումը կարող է դրական անդրադառնալ մաշկի վրա, եթե թրջելուց անմիջապես հետո սրբիչով մաքրեք։ Եթե թողնեք, որ ջուրն ինքնուրույն չորանա, ապա արդյունքը կլինի բացասական՝ մաշկի վերին շերտերը կսկսեն չորանալ ու կռկվել։

Աշխատանք հողի հետ

Շատերի համար ամառը կապված է այգու աշխատանքների հետ, ինչն, իհարկե, դրական ազդեցություն չի ունենում մաշկի վրա՝ կոշտուկներ, մաշկի կնճռոտում, ձեռքի չորություն։ Այդ իսկ պատճառով հողի հետ աշխատելիս պարտադիր պետք է կրել կտորե պաշտպանիչ ձեռնոց։

Այժմ եկեք պարզենք, թե ինչ պետք է անել ամռանը ձեռքի փափուկ մաշկ ունենալու համար։

Ձեռքի մաքրում

Երբ ասում ենք մաքրում, առաջին հերթին նկատի ենք ունենում օճառը, որն իր հերթին նպաստում է մաշկի չորացմանը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել բարձրորակ հեղուկ օճառներ, որոնք կկանխեն մաշկի չորացումն ու կպահպանեն խոնավությունը։
Ձեռքի մաքրումը ներառում է նաև պիլինգ՝ շաբաթական 1-2 անգամ։ Սկրաբը կարելի է գնել կամ պատրաստել ինքնուրույն։
1ճ/գ միջին մանրության աղը խառնում ենք 1ճ/գ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ձիթապտղի յուղն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
Այնուհետև ավելացնում ենք մի քանի կաթիլ եթերային յուղ՝ անուշ բույր հաղորդելու համար։

Խոնավացում

Ձեռքի մաշկն ամռանը լուրջ խնամք է պահանջում։ Արևի ճառագայթները, ջուրը, հողի հետ աշխատանքը վնասում են անգամ ամենախնամված մաշկը։ Այդ իսկ պատճառով ջրի հետ շփումից անմիջապես հետո հարկավոր է օգտագործել խոնավացնող կրեմ։

Սնուցում

Ամռանը մաշկը սնուցել պետք է ավելի հազվադեպ, քան ձմռանը։ Նախընտրելի է օգտագործել դիմակներ։
Ձվի դեղնուցը, 1ճ/գ ժոժոբայի յուղը, 1ճ/գ կոկոսի յուղը և 1 թ/գ մեղրը խառնում ենք ու ստացված զանգվածը քսում ենք ձեռքերին։
Իսկ 50 տարեկան և ավելի մեծ կանանց խորհուրդ է տրվում օգտագործել դիմակի այս տարբերակը՝
2ճ/գ սերուցքը խառնում ենք 1ճ/գ ձիթապտղի յուղի և 1թ/գ մեղրի հետ։ Ստացված զանգվածը խառնում ենք, ավելացնում ենք մանրացրած վարսակի փաթիլները, ապա հարում ենք և ստանում թթվասերանման զանգված։

Կարծում ենք՝ այս խորհուրդները կօգնեն պահպանել մաշկի փափկությունն ու զերծ մնալ մաշկային խնդիրներից։

Առողջ եղունգներ ունենալու գաղտնիքները

Առողջ ու ամուր եղունգներ ունենալ ոչ բոլորին է տրված։ Սակայն, ի ուրախություն մեզ, վնասված, թույլ ու փշրվող եղունգների համար կան խնամքի բազմաթիվ միջոցներ, որոնք օգնում են վերականգնել եղունգների առողջ ու գեղեցիկ տեսքը։

Ի՞նչն է եղունգների անառողջ լինելու պատճառը

Եղունգների թույլ և ոչ առողջ լինելու պատճառը վատ էկոլոգիական միջավայրն է կամ սխալ սննդակարգը։
Եթե եղունգների վիճակը սարսափելի չէ, խնամքը կարելի է իրականացնել ինքնուրույն։

Եղունգներն ամրացնելու համար կարելի է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կան յուրաքանչյուրիս տանը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

  • Առաջին տարբերակն աղն է, որը կարող է լինել ինչպես կերակրի, այնպես էլ ծովի։ Վերջինը կարող եք ձեռք բերել դեղատնից։
    Տաք ջուրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք 2 ճ/գ աղ՝ պինդ զանգված ստանալու համար։ Ձեռքերն ընկղմում ենք ջրի մեջ և պահում այնքան, մինչև ջուրը սառչի։
  • Հաջորդ տարբերակը նշի յուղի օգտագործումն է։ Բամբակի շերտը պատում ենք մի քանի կաթիլ յուղով և քսում յուրաքանչյուր եղունգին։ Այն օգնում է փափկեցնել կոշտուկները, ազատել ձեռքերը կնճիռներից ու չորությունից։
  • Երրորդ տարբերակի մասին գիտեին նույնիսկ մեր տատիկները։ Խոսքը սովորական յոդի մասին է, որն ամրացնում է եղունգները՝ հաղորդելով առողջ տեսք։ Յոդը եղունգներին քսում ենք գիշերը, որպեսզի հասցնի ներծծվել, և առավոտյան ոչ մի հետք չմնա։
  • Առողջ եղունգներ ու ձեռքի մաշկ ունենալու հարցում կօգնի նաև թթվասերը։ Այն օգտագործում ենք որպես դիմակ։ Թթվասերը քսում ենք մաքուր ձեռքերին և 10-15 րոպե պահում։
  • Վերջին մեթոդը կիտրոնով ու ձիթապտղի յուղով դիմակն է։ Բաղադրիչները կարելի է օգտագործել ինչպես խառնած, այնպես էլ առանձին-առանձին։ Յուղի մեջ պարունակվող օգտակար նյութերն ամրացնում են եղունգներն, իսկ կիտրոնը հարստացնում է վիտամիններով։

Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է։ Դե ուրեմն, ընտրեք Ձեզ հարմար տարբերակն ու գործի անցեք։

Ինչո՞ւ է ալկոգելն անհրաժեշտ

Դեռևս մանկուց բոլորս գիտենք, որ ձեռքերը պետք է լվանալ ուտելուց առաջ, հասարակական վայրերում, կենդանիների հետ շփվելուց հետո և այլն։ Հազարավոր մանրէներ ու սնկեր են սպասում մեզ ամեն քայլափոխի, և դրանք կարող են վտանգավոր լինել մեր առողջության համար։
Պատահական չէ, որ ստեղծվել են հատուկ ախտահանիչ միջոցներ՝ ալկոգելեր, որոնք օգնում են պայքարել մանրէների դեմ ու զերծ մնալ տարատեսակ վիրուսներից։

Ինչո՞վ են վտանգավոր կեղտոտ ձեռքերը

Որովայնային տիֆը, հեպատիտ A-ն, խոլերան, դիզենտերիան և բազմաթիվ այլ հիվանդություններ՝ ներառյալ աղիքային ինֆեկցիաները, առաջանում են ձեռքերի տարրական մաքրության բացակայության հետևանքով։

Ինչպե՞ս է ի հայտ եկել ալկոգելը

Բոլորիս է հայտնի, թե որքան կարևոր դեր է կատարում ալկոգելը մեր առօրյայում, բայց քչերը գիտեն, թե ինչպես է այն ստեղծվել։
Հակաախտահանիչ (ռուս․антисептик) բառն առաջին անգամ ի հայտ է եկել 1750 թվականին անգլիացի վիրաբույժ Ջ․ Պրինգլոմի կողմից։ Այնուհետև այն ավելի լայն տարածում գտավ 19-20-րդ դարում։ Իսկ արդեն 21-րդ դարում գոյություն ունեն հակամանրէային ախտահանիչ միջոցների բազմաթիվ տեսակներ, որոնց արդյունավետությունը կախված է բաղադրությունից։ Այս առումով շուկայում առանձնանում է Sella ապրանքանիշն իր բարձրորակ ալկոգելով ու ալկոսփրեյով։

Ի՞նչ են խորհուրդ տալիս մասնագետները

  • Մաքուր պահել աշխատանքային անկյունը։ Ամեն օր մաքրել գրասեղանը, ստեղնաշարը, մկնիկը և այլն։
  • Աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ օճառով լվանալ ձեռքերը։ Այնուհետև ձեռքերը մշակել հակամանրէային ախտահանիչ միջոցով։
  • Ամսական գոնե մեկ անգամ մեծ մաքրություն կազմակերպել՝ հատակը, պատերը, սալիկները մաքրելիս օգտագործելով ախտահանիչ միջոցներ։

Մաքուր ձեռքերն առողջության գլխավոր երաշխիքն են։