Թվում է, թե թանկարժեք խնամքի միջոցներ օգտագործելը բավական է կատարյալ արդյունքի հասնելու համար։ Մինչդեռ շատ կարևոր է նաև ճիշտ խնամքը։
Ներկայացնում ենք մազերի խնամքի 5 տարածված սխալներ, որոնք կարող են հանգեցնել մազաթափության։
Մազերը լոգանքից հետո սանրելը
Նախքան մազերը լվանալը, պետք է սանրել, որպեսզի թրջվելուց հետո չխճճվեն ու կծիկի չվերածվեն։ Բացի այդ, դա կօգնի խուսափել մազերը թաց վիճակում սանրելուց, ինչի հետևանքով մազարմատները վնասվում ու թուլանում են՝ կորցնելով որակը։
Մազերը շատ հաճախակի լվանալը
Ըստ ոսկե կանոնի՝ մազերը պետք է լվանալ միայն կեղտոտվելու դեպքում։ Մազերը լվանալու հաճախականությունը յուրաքանչյուրի դեպքում անհատական է՝ կախված մազերի տեսակից ու որակից։ Եթե մազերը չափազանց յուղոտ են, ապա կարելի է հաճախակի լվանալ, հակառակ դեպքում չկա դրա անհրաժեշտությունը։
Ջրի սխալ ջերմաստիճանը
Ջրի ջերմաստիճանը նույնպես կարևոր նշանակություն ունի։ Չափազանց տաք ջուրն ակտիվացնում է ճարպագեղձերի գործունեությունը, որի արդյունքում մազերը շուտ են յուղոտվում։ Այդ իսկ պատճառով մազերը պետք է լվանալ ոչ թե եռման, այլ տաք ջրով։
Մազերը սխալ լվանալը
Մազերը լվանալիս չի կարելի գլխամաշկն ուժգին տրորել․ դա ամենևին էլ չի նպաստում մազերի ու գլխամաշկի մաքրությանը։ Փորձեք շամպունը մատների ծայրերով նուրբ ու մերսող շարժումներով տարածել մազերի ողջ երկայնքով։ Սա օգնում է խթանել գլխամաշկի արյան հոսքը, ամրացնում է արմատներն ու կանխում է մազաթափությունը։
Բալզամի սխալ օգտագործումը
Շատերը խուսափում են բալզամ օգտագործելուց՝ հավատալով այն տարածված կարծիքին, թե նվազեցնում է մազերի փարթամությունը։ Մինչդեռ ճիշտ օգտագործելու դեպքում այն նպաստում է առողջ մազեր ունենալուն, հեշտացնում է սանրելու գործընթացը և այլն։
Բալզամը պետք է քսել ոչ թե ամբողջ մազերին կամ մազարմատներին, այլ ծայրերին։
Ոչինչ այնքան գեղեցիկ ու գրավիչ չի դարձնում կնոջը, որքան առողջ ու խնամված մազերը։ Խուսափեք վերը թվարկված սխալներից և եղեք խնամված։