Բոլորիս հետ էլ պատահել է այնպես, երբ կերակուրը մոռացել ենք գազօջախին և այդ մասին հիշել միայն այն ժամանակ, երբ արդեն այրված է եղել։ Արդյունքում տհաճ հոտը տարածվել է ամբողջ տանը, իսկ կաթսան փչացել։
Գոյություն ունեն մաքրության բազմաթիվ միջոցներ, որոնք լայն կիրառություն ունեն մեր կենցաղում, սակայն առաջարկում ենք ծանոթանալ ժողովրդական մեթոդներից մեկին, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում կաթսան կլինի կատարյալ մաքուր։
Այրված կաթսան մաքրելու համար մեզ անհրաժեշտ է մի քանի կտոր կիտրոն և ջուր։
Կիտրոնաթթուն ու եռացրած ջուրը կօգնեն հեռացնել սև նստվածքը, իսկ կիտրոնը կչեզոքացնի հոտը։
- Կիտրոնը բաժանում ենք 6-8 կտորների և դնում այրված կաթսայի մեջ այնպես, որպեսզի հատակն ամբողջությամբ ծածկվի։
- Ավելացնում ենք այնքան ջուր, որպեսզի կաթսայի հատակը ծածկվի, ապա դնում ենք կրակի վրա։ Կարելի է կրակը փոքրի-ինչ ուժգնացնել և թողնել, որպեսզի զանգվածը եռ գա։
- Կաթսան հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք ջուրն ու կիտրոնի կտորները, իսկ մնացած հետքերը մաքրում ենք չոր սպունգով ու պարզաջրում մի քանի անգամ։ Անհավատալի է, որ այրված կաթսան կարող է այսքան մաքուր ու նոր տեսք ունենալ։
Տեսնո՞ւմ եք, թե որքան արդյունավետ է։ Եղեք զգոն և մի’ մոռացեք կաթսան կրակի վրա, իսկ այրվելու դեպքում հիշեք, որ գոյություն ունի ահա այս պարզ մեթոդը։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։