Երեխայի լույս աշխարհ գալուց առաջ ծնողները նախապես պատրաստվում են։ Ամենահաճելի պահերից մեկը փոքրիկի համար հագուստ և անհրաժեշտ իրեր գնելն է։
Նորածնի խնամքի գործում չափազանց կարևոր է հագուստի ճիշտ խնամքը, ինչի մասին էլ կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Շատ հաճախ մայրիկները նոր գնված հագուստի վրայից պիտակը հեռացնում են ու անմիջապես հագցնում փոքրիկին։ Դա ամենամեծ սխալներից մեկն է։
Նորածնի հագուստը պետք է նախապես լվանալ
Սա խորհուրդ են տալիս նաև բժիշկները․ չէ՞ որ հագուստը փոշու և մանրէների հսկայական աղբյուր կարող է լինել։ Նորածին երեխայի օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան՝ իմունիտետը, դեռևս լավ զարգացած չի լինում, իսկ հագուստի վրա առկա մանրէները կարող են բացասաբար անդրադառնալ փոքրիկի առողջության վրա։
Մի մոռացեք արդուկելու մասին
Կա ևս մեկ կարևոր պայման։ Հիշեք՝ լվանալուց բացի, հագուստը պետք է երկու կողմից արդուկել, որպեսզի բացառեք հիվանդածին մանրէների ու սնկերի առկայությունը։
Ինչպե՞ս լվանալ
Կան մայրիկներ, որոնք նախապատվությունը տալիս են ձեռքի լվացքին՝ կարծելով, որ ձեռքի լվացքն ավելի արդյունավետ կլինի։ Սակայն այն ունի երկու թերություն՝ պահանջում է ավելի մեծ ջանք ու ժամանակ և բացի այդ, շատ տաք ջրով լվանալ հնարավոր չէ։
Եթե նախընտրում եք լվանալ ձեռքով, ապա կրեք ձեռնոց, որպեսզի անընդհատ տաք ջրի հետ շփումը չչորացնի մաշկը։ Հագուստը լվանալուց հետո պարտադիր մի քանի անգամ պարզաջրեք։
Ինչ վերաբերում է լվացքի մեքենային, ապա կան տեսակներ, որոնք ունեն մանկական հագուստի լվացման ռեժիմ, ինչը թույլ է տալիս լվանալ ջրի բարձր ջերմաստիճանով։ Այս դեպքում էլ ցանկալի է պարզաջրման ռեժիմը կրկնել 2-3 անգամ։
Նախքան նորածնի հագուստը լվանալը լվացքի մեքենան հարկավոր է ախտահանել, ինչպես նաև լվանալ մեծերի հագուստից առանձին։
Հիշեք՝ պետք է օգտագործել նորածնի հագուստը խնամելու համար նախատեսված հատուկ միջոցներ, որոնք չեն պարունակի ֆոսֆատ և այլ ակտիվ նյութեր։ Դրանք կարող են ալերգիկ ռեակցիաներ կամ քոր առաջացնել երեխայի մոտ։ Խուսափեք նաև փափկեցնող, սպիտակեցնող և լաքահանող միջոցների օգտագործումից։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։