30.04.2020
Թվում է, թե վերանորոգումից հետո մաքրություն անելը չափազանց հեշտ է՝ մաքուր հատակ, պատեր, նոր դռներ ու պատուհաններ, սակայն այդպես չէ։
Որո՞նք են ամենակարևոր քայլերը վերանորոգումից հետո արագ ու հեշտ մաքրություն անելու համար։
Առաջին հերթին մեզ պետք են՝
- Մեծ ու ամուր պարկեր աղբի համար
- Լուծիչներ (растворители) տարբեր մակերեսների վրայից կեղտը հեշտությամբ մաքրելու համար
- Հզոր փոշեկուլ
- Մաքրող ու լվացող միջոցներ ապակիների, սանտեխնիկայի, հատակի և այլ մակերեսների համար
- Կտորներ, սպունգեր
- Հատակը մաքրելու պարագաներ՝ փայտ, դույլ և այլն
Հիշեք՝ մաքրություն անելիս պետք է կրել ձեռնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ համապատասխան հագուստ։
Քայլ առ քայլ ուղեցույց
- Նախևառաջ ազատվում ենք շինանյութի աղբից ու փոշուց։
- Պաստառների, գիպսոկարտոնի, հատակի ծածկույթների մնացորդները լցնում ենք պարկերի մեջ ու տարածքն ազատում։ Այնուհետև առանձին պարկերի մեջ լցնում ենք փայտի, մետաղի, սալիկների մնացորդները։
- Սենյակը մաքրում ենք փոշեկուլով ու փոշին հեռացնում։
- Անցնում ենք հատակի, պատերի ու առաստաղի մաքրությանը։ Սկզբում բոլոր մակերեսները մաքրում ենք փոշուց, ապա լուծիչի կամ ջրի օգնությամբ վերացնում ներկի հետքերը։ Եթե որևէ տեղում մնացել են չորացած ներկի, ծեփամածիկի կամ սվաղանյութի հետքեր, ապա դրանք կարելի է հեռացնել մածկաթիակի օգնությամբ։
- Հատակը, պատերն ու առաստաղի փոշին մաքրում ենք փոշեկուլով՝ վստահ լինելով, որ այն լիովին կմաքրի ողջ մակերեսը, որից հետո անցնում ենք համապատասխան մաքրող նյութերով մաքրելուն։
- Լոգասենյակը, ինչպես նաև ողջ սանտեխնիկան կարելի է մաքրել հատուկ մաքրող և ախտահանող միջոցներով։
- Այժմ կահույքը մաքրելու ժամանակն է։ Եթե այն նոր է, ապա բավական է վրայից հանել պոլիէթիլենային թաղանթը, փոշեկուլով մաքրել փոշին ու օգտագործել։ Իսկ եթե նախկին կահույքն է, ապա մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք՝ նախ փոշին մաքրելու, ապա լաքաները վերացնելու և պաստառները թարմացնելու համար։
- Մաքրությունն ավարտում ենք պատուհանների ու ապակե մակերեսների մաքրությամբ։ Դրա համար մեզ անհրաժեշտ են հատուկ ապակի մաքրող միջոցներ, որոնք կխնայեն ժամանակն ու արդյունավետ կմաքրեն ցանկացած մակերես։
Դե ինչ, կարծում ենք այս քայլերին հետևելու դեպքում վերանորոգումից հետո բնակարանի մաքրությունն այլևս խնդիր չի լինի։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։