Գոյություն ունեն սոսնձի տարբեր տեսակներ, որոնցից մեկն ու ամենաարդյունավետը «Սուպերկլեյ» կոչվող սոսինձն է։ Այն պատահական չի ստացել իր անվանումը, քանի որ շատ արագ և ամուր սոսնձում է գրեթե ցանկացած իր։ Իսկ եթե պատահաբար հայտնվում է ձեռքի մաշկին, ապա պետք չէ խուճապի մատնվել։ Առաջարկում ենք 4 մեթոդ սոսնձի հետքերից արագ ազատվելու համար։

Եղունգի լաք մաքրող հեղուկ (ացետոն)

Ինչպես ցանկացած սոսինձ, այնպես էլ «սուպերկլեյ»-ը զգայուն է լուծիչների (растворитель) նկատմամբ։ Լուծիչների շարքին է պատկանում նաև եղունգի լաք մաքրող հեղուկը, որի միջոցով կարելի է ազատվել սոսնձից։
Այն անմիջապես քսում ենք սոսնձապատ հատվածին, իսկ եթե սոսինձն արդեն ներծծվել է մաշկի մեջ, ապա կեղտոտ հատվածը դնում ենք լաք մաքրող հեղուկով լցված տարայի մեջ և այդպես թողնում 5-7 րոպե։ Դա անելուց հետո լվացվում ենք տաք ջրով ու օճառով, ապա օգտագործում փափկեցնող կրեմ մաշկի չորացումից խուսափելու համար։

Աղաջուր

Եթե ձեռքի տակ չունենք եղունգի լաք մաքրող հեղուկ, ապա կարելի է դիմել կերակրի աղի օգնությանը։ Մինչ մաքրելը ձեռքը թրջում ենք տաք ջրով, որից հետո մոտ 10 րոպե դնում ենք աղաջրի մեջ։ Եթե սոսինձն արդեն հասցրել է չորանալ, ապա գործողությունը պետք է կրկնել մի քանի անգամ։

Սպասք լվանալու հեղուկ

Ամենապարզ մեթոդներից մեկը սպասք լվանալու հեղուկով մաքրելն է։ Տարայի մեջ լցնում ենք տաք ջուր, ավելացնում 5-6 կաթիլ սպասքի հեղուկ։ Սոսնձապատ հատվածները պատում ենք հեղուկով և թողնում մոտ 7 րոպե, ապա հեռացնում սոսնձի փափկած շերտը։

Բժշկական սպիրտ

Այս սպիրտն օգտագործվում է կենցաղում տարբեր հետքեր, այդ թվում նաև՝ սոսինձը վերացնելու համար։ Այն, ի տարբերություն վերը նշված մեթոդների, ավելի շատ ժամանակ է պահանջում։
Սոսնձով պատված հատվածը թրջում ենք տաք ջրով, լվանում օճառով, ապա մշակում սպիրտով թրջած բամբակով։ Տրորում ենք այնքան, մինչև սոսինձն ամբողջությամբ հեռացվի։ Այնուհետև լվացվում ենք ու օգտագործում փափկեցնող կրեմ։

Սոսնձով աշխատելիս նման իրավիճակներում հայտնվելու դեպքում արդեն գիտեք, թե ինչ պետք է անել։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։