Ջրածնի պերօքսիդը կենցաղում օգտագործվում է տարբեր նպատակներով։ Այս մասին մենք արդեն խոսել ենք «Ջրածնի պերօքսիդը (պերեկիսը) կենցաղում» հոդվածում։ Իսկ այսօր կանդրադառնանք ջրածնի պերօքսիդի մեկ այլ կարևոր հատկանիշի։
Վաղուց ի վեր հայտնի է, որ ջրածնի պերօքսիդն առավել հաճախ կիրառվում է վարակազերծման և մաշկի տարբեր վնասվածքների մշակման համար։ Սակայն այն նաև օգտագործում են դեմքի կամ մարմնի մազերի գույնը բացելու համար։
Մազերը գունաբացելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Եթե ուզում եք ստանալ կատարյալ արդյունք, ապա լուծույթը պետք է սկզբում քսել ծայրերին, իսկ հետո՝ արմատներին, քանի որ արմատներն ավելի շուտ են գունաբացվում գլխամաշկի ջերմության հաշվին։
Ինչպես օգտագործել ջրածնի պերօքսիդը մազերի համար
Հաստ մազերի դեպքում հարկավոր է օգտագործել 8-12%, միջին հաստության և բարակ մազերի համար 6-8% խտությամբ ջրածնի պերօքսիդ։
Նախքան օգտագործելը մազերը հարկավոր է լվանալ շամպունով, սանրել, թեթևակի չորացնել սրբիչով և թողնել, որպեսզի ինքնուրույն չորանա։ Այնուհետև 25-30 րոպե անց, երբ մազերը թեթևակի խոնավ են լինում, կարելի է անցնել գունաբացմանը։
Արդյունքը կախված է մազերի նախնական գույնից, եթե մազերը մուգ են, ապա գործընթացը փոքր-ինչ երկար կտևի՝ մոտ 30-40 րոպե, իսկ բաց գույնի մազերի գունաբացումը համեմատաբար ավելի հեշտ է։
Ջրածնի պերօքսիդ օգտագործելիս չպետք է մոռանալ անվտանգության կանոնների մասին՝
- Չպետք է լցվի աչքերի մեջ կամ շփվի արցունքագեղձի հետ, քանի որ կարող է այրվածք առաջացնել։
- Այն վնասակար չէ օրգանիզմի համար, և յուրաքանչյուրը կարող է օգտագործել։
- Լուծույթը չի կարելի օգտագործել առանց ջրի հետ խառնելու՝ անմիջապես մազերին քսելով, այլապես մազաթափությունն անխուսափելի կլինի։
Դե ինչ, բացահայտեցինք ջրածնի պերօքսիդի ևս մեկ կարևոր հատկանիշ։
Եղեք տեղեկացված։