Ի՞նչ են մեզ հուշում մազերի հետ կապված խնդիրները։ Առաջարկում ենք ծանոթանալ այն նշաններին, որոնք շատ հաճախ անուշադրության են մատնվում մեր կողմից, սակայն վկայում են մազերի անառողջ լինելու մասին։
Մազերը շուտ են կեղտոտվում
Եթե մազերը լվանալուց մի քանի ժամ հետո դրանք արդեն իսկ կեղտոտ են, ապա պատճառը մեծ քանակությամբ ճարպի առաջացումն է։ Ի՞նչ անել այս դեպքում։ Անհրաժեշտ է շամպունը փոխել՝ օգտագործելով յուղոտ մազերի համար նախատեսված շամպուն։
Մազերը խամրած են
Առողջ մազերն աչքի են ընկնում յուրօրինակ փայլով։ Եթե փայլը խամրում է, պատճառները կարող են լինել տարբեր՝ անհանգիստ քուն, ջրի և վիտամինների պակաս և այլն։ Իսկ ինչ վերաբերում է ներկած մազերին, ապա փայլը վերականգնելու համար անհրաժեշտ է հատուկ խնամք և ճիշտ ընտրված խնամքի միջոցներ։
Մազերը սկսել են թափվել
Եթե մազաթափությունը պարբերական, այսինքն՝ սեզոնային բնույթ է կրում, ապա դա պայմանավորված է դիմադրողականության անկումով և օրգանիզմում վիտամինների անհրաժեշտ քանակի պակասով։
Մազերը խճճվում են
Խճճվելու առաջին նախապայմաններից մեկը մազերի չորությունն է։ Ի՞նչ անել այս խնդրից ազատվելու համար։ Պետք է օգտագործել չոր մազերի համար նախատեսված շամպուն և անպայմանորեն սննդակարգ ներմուծել անհրաժեշտ քանակությամբ ջուր և միրգ։
Մազերի վրա առաջանում է թեփ
Եթե մազերի վրա նկատելի են թեփի փաթիլներ, ուրեմն մազերը բուժման կարիք ունեն։ Թեփը մազերի անառողջ լինելու մասին վկայող ամենաակնհայտ հատկանիշներից է։ Այնպես որ, փորձեք փոխել շամպունը, օգտագործել դիմակներ և այլն։ Իսկ չօգնելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետների օգնությանը։
Մազերի աճը դանդաղում է
Թվում է, թե մազերի աճը կանգ է առել, մազերը չեն երկարում, սակայն այդպես չէ։ Արմատներն աճում են, իսկ ծայրերը փշրվում։ Այդ ամենից խուսափելու համար պետք է ժամանակ առ ժամանակ մատների ծայրերով մերսել գլուխն՝ արյան շրջանառությունը կարգավորելու և մազերի աճը խթանելու համար։ Մազերի աճի համար կարդացեք «Ինչպես լավացնել մազերի աճը» հոդվածը։
Դե ինչ, արդեն գիտեք, թե որոնք են մազերի անառողջ լինելու նշաններն ու դրանց պատճառները։ Պետք է ուշադրություն դարձնել վերը թվարկված բոլոր խնդիրներին՝ առողջ ու գեղեցիկ մազեր ունենալու համար։