Շատերի համար գանգուր մազեր ունենալը երազանք է, իսկ նրանք, ում բախտ է վիճակվել ունենալ գեղեցիկ վարսեր, երբեմն դժվարանում են խնամքի հարցում։
Իրականում գանգուր մազերի խնամքն այնքան էլ չի տարբերվում ուղիղ և ալիքավոր մազերից, սակայն գոյություն ունեն մի քանի կարևոր մանրուքներ, որոնք պետք է իմանալ մազերը ճիշտ խնամելու համար։

Շամպունը քսեք միայն մազարմատներին

Գանգրահերներին խորհուրդ է տրվում օգտագործել մազերի համար նախատեսված խոնավացնող միջոցներ։ Պատճառն այն է, որ գանգուր մազերը սովորաբար չոր են լինում, ուստի խոնավացման կարիք են ունենում։ Ինչ վերաբերում է շամպունների օգտագործմանը, ապա դրանք պետք է քսել միայն մազարմատներին։
Դրանցում պարունակվող մաքրող ակտիվ տարրերը կարող են չորացնել մազերի ծայրերը։

Մերսեք

Լվանալիս շատ կարևոր է գլուխը մերսելու գործընթացը։ Այն նպաստում է արյան շրջանառության լավացմանը, խթանում է մազերի աճն ու օգնում լիարժեքորեն մաքրել մազերը։

Մի մոռացեք բալզամի մասին

Մազերը բաժանեք մի քանի փնջի և բալզամը մատների օգնությամբ տարածեք ծայրերին։ Դրա շնորհիվ մազերը կունենան առողջ փայլ, իսկ սանրելու գործընթացն ավելի հեշտ կլինի։

Ինչպես չորացնել գանգուր մազերը

Եթե հնարավոր է, թողեք, որպեսզի մազերն ինքնուրույն չորանան։ Այդպես կպահպանեք մազերի փափկությունը և կունենաք գեղեցիկ ու առողջ գանգուրներ։

Ահա այն խորհուրդները, որոնց հետևելու դեպքում գանգուր մազերի խնամքը բավականին հեշտ կլինի։