Ջինսը հագուստի ամենատարածված տեսակներից է, որը կրում են բոլորը՝ փոքրից մեծ։ Պատճառն այս հագուստի հարմարավետությունն է, ինչն առօրյայում հանգիստ կրելու հնարավորություն է տալիս։
Չնայած այս ամենին՝ շատերը չգիտեն՝ ինչպես ճիշտ խնամել ջինսե հագուստը, որպեսզի այն պահպանի գույնն ու որակը։
Ինչո՞ւ է ջինսը ժամանակից շուտ կորցնում իր նախնական տեսքը, ի՞նչ սխալներ ենք անում և ինչպե՞ս պետք է այն լվանալ։ Այս հարցերի պատասխանները կգտնեք մեր այսօրվա հոդվածում։
Սխալներ, որոնց հետևանքով ջինսն այլևս կրելու ենթակա չէ
Սխալ լվացման արդյունքում ջինսը կարող է փոքրանալ ու գունաթափվել։ Պատճառները մի քանիսն են՝
- Չափազանց տաք ջուր։ Ջինսը չի կարելի լվանալ շատ տաք ջրով, որպեսզի չգունաթափվի և պահպանի իր նոր տեսքը։
- Սխալ ընտրված լվացքի հեղուկ։ Լվացքի փոշիներն ու գելերը նույնպես կարող են փչացնել հագուստը։ Սա հատկապես տեղի է ունենում այն դեպքում, երբ հեղուկն անմիջական շփում է ունենում հագուստի հետ, այսինքն՝ օգտագործվում է առանց ջրի մեջ լուծելու։
- Հաճախակի լվացում։ Պետք է խուսափել ջինսը հաճախակի լվանալուց, հատկապես եթե այն կեղտոտ չէ։ Հեղուկի հետ հաճախակի շփումը խամրեցնում ու վնասում է կտորը։
- Շատ տրորել ու սխալ քամել։ Ջինսը շատ տրորելու և սխալ քամելու արդյունքում դեֆորմացվում է։
Ահա այն սխալները, որոնք մենք անում ենք ջինսե հագուստը լվանալիս։ Իսկ այժմ եկեք պարզենք, թե ինչպես այն պետք է ճիշտ խնամել։
Ինչպես լվանալ ջինսե հագուստը
Առաջին հերթին պետք է հետևել պիտակի վրա նշված ցուցումներին։ Ջինսը թույլատրվում է լվանալ ինչպես ձեռքով, այնպես էլ լվացքի մեքենայով։
- Նախքան լվանալն այն պետք է նախապատրաստել, այսինքն՝ կոճակներն ամրացնել, ճարմանդները կոճկել, ինչի շնորհիվ կպահպանվի ուղիղ ձևն ու արդուկելիս դժվարություն չի առաջացնի։
- Անպայման ստուգել գրպանների պարունակությունը։
- Եթե վրան առկա են ասեղնագործած հատվածներ, ապա շրջել հակառակ կողմով՝ դրանք չվնասելու համար։
- Լվացքի մեքենայով լվանալիս ջրի ջերմաստիճանը պետք է լինի 30 աստիճան և ոչ ավելի, իսկ պտույտների քանակը՝ ոչ ավելի քան 800։
- Պարզաջրելու ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել փափկեցնող միջոց, ինչի շնորհիվ հագուստին կհաղորդվի ոչ միայն փափկություն, այլև հաճելի բույր։
Դե ինչ, հետևեք այս խորհուրդներին, պահպանեք խնամքի կանոններն, ու արդյունքում ջինսե հագուստը կծառայի ավելի երկար, քան ակնկալում եք։