Մազերի խնամքի գործում շատ կարևոր է մազերը ճիշտ սանրելու գործընթացը։ Դրա շնորհիվ ակտիվանում է նյութափոխանակման պրոցեսը, մազերը հարստանում են թթվածնով, վերանում են փոշու մնացորդները և այլն։ Թվում է, թե մազեր սանրելն ամենահասարակ բանն է, մինչդեռ կան որոշակի կանոններ, որոնք օգնում են խուսափել մազերի հետ կապված խնդիրներից։
Աղջիկների ու կանանց մեծ մասը մազերը սանրում են միայն հարդարելու նպատակով։ Հատկապես գանգուր մազերի խնամքը մեծ ջանքեր է պահանջում։ Սակայն մասնագետները պնդում են, որ մազերը սանրելու հաճախականությունն ազդում է մազերի աճի, գլխամաշկի առողջության վրա։
Մազերը ճիշտ սանրելու համար պետք է հետևել խնամքի մի քանի պարզ կանոնների՝
- Սանրել օրական 2-3 անգամ՝ սկսելով ծայրերից ու աստիճանաբար հասնելով արմատներին։
- Եթե մազերը երկար են ու չոր, ապա պետք է սանրվել զգուշորեն՝ սկսելով ծայրերից։ Օրական 4 անգամ սանրելը բավական է։ Իսկ յուղոտ և խառը տիպի մազերը՝ ավելի հազվադեպ։ Ինչ վերաբերում է նորմալ մազերին, ապա պետք է սանրել օրական ոչ ավելի, քան երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան
- Միջին երկարություն ունեցող մազերը սանրելու համար պետք է գլուխը վար իջեցնել, ապա սանրել։
- Խոնավ մազերի դեպքում, որպեսզի դրանք չվնասվեն, պետք է մազերը սանրել չորացնելուց հետո։
Ինչպես սանրել խճճված մազերը
- Երկար մազերը հաճախակի են խճճվում, ինչն էլ դժվարացնում է սանրելու գործընթացը։ Ի՞նչ անել այս դեպքում։ Պետք է գլուխը կախել, վերցնել առանձին մազափնջերն ու մեջտեղի մասից սեղմած պահելով՝ սանրել։
- Նախ պետք է սանրել նոսր ատամիկներով սանրով՝ սկսելով ծայրերից, ապա՝ խճճված մազափնջերն ուղղելուց հետո սանրել ամբողջությամբ։
Իսկ ինչ վերաբերում է գանգուր մազերին, դրանք պետք է սանրել զգուշությամբ ու կրկին սկսելով ծայրերից։ Սանրելու ընթացքում նույնպես մազերը պետք է բռնել, որպեսզի չվնասվեն։ Խուճուճ մազափնջերի համար պետք է օգտագործել նոսր ատամիկներով սանր։
Ինչպես սանրել երկարացրած մազերը
Երկարացրած մազերը կարող են կորցնել իրենց փայլը, վնասվել կամ պոկվել։ Դրանց խնամքը կատարվում է նաև ճիշտ սանրելու միջոցով։ Դրա համար պետք է օգտագործել փափուկ ատամիկներով սանր։ Սանրելիս պետք է արմատներից ամուր պահել և կտրուկ շարժումներ չանել։
Դե ինչ, արդեն գիտեք, թե ինչից պետք է սկսել մազերի խնամքը։ Եղեք տեղեկացված ու մի մոռացեք, որ մազերը կնոջ ամենաթանկարժեք զարդն են։