Ձեռքի մաշկը ժամանակ առ ժամանակ պահանջում է վերականգնողական խնամք։ Շոգ եղանակին խնամքն ավելի, քան անհրաժեշտ է՝ առաջին հերթին մաշկը խոնավացնելու, ապա պաշտպանելու ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Առաջարկում ենք ծանոթանալ ամռանը ձեռքի մաշկի վնասման պատճառներին, ինչպես նաև այդ խնդիրները վերացնելու եղանակներին։
Ջրի հաճախակի օգտագործում
Ջրի հետ հաճախակի շփումը կարող է դրական անդրադառնալ մաշկի վրա, եթե թրջելուց անմիջապես հետո սրբիչով մաքրեք։ Եթե թողնեք, որ ջուրն ինքնուրույն չորանա, ապա արդյունքը կլինի բացասական՝ մաշկի վերին շերտերը կսկսեն չորանալ ու կռկվել։
Աշխատանք հողի հետ
Շատերի համար ամառը կապված է այգու աշխատանքների հետ, ինչն, իհարկե, դրական ազդեցություն չի ունենում մաշկի վրա՝ կոշտուկներ, մաշկի կնճռոտում, ձեռքի չորություն։ Այդ իսկ պատճառով հողի հետ աշխատելիս պարտադիր պետք է կրել կտորե պաշտպանիչ ձեռնոց։
Այժմ եկեք պարզենք, թե ինչ պետք է անել ամռանը ձեռքի փափուկ մաշկ ունենալու համար։
Ձեռքի մաքրում
Երբ ասում ենք մաքրում, առաջին հերթին նկատի ենք ունենում օճառը, որն իր հերթին նպաստում է մաշկի չորացմանը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել բարձրորակ հեղուկ օճառներ, որոնք կկանխեն մաշկի չորացումն ու կպահպանեն խոնավությունը։
Ձեռքի մաքրումը ներառում է նաև պիլինգ՝ շաբաթական 1-2 անգամ։ Սկրաբը կարելի է գնել կամ պատրաստել ինքնուրույն։
1ճ/գ միջին մանրության աղը խառնում ենք 1ճ/գ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ձիթապտղի յուղն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
Այնուհետև ավելացնում ենք մի քանի կաթիլ եթերային յուղ՝ անուշ բույր հաղորդելու համար։
Խոնավացում
Ձեռքի մաշկն ամռանը լուրջ խնամք է պահանջում։ Արևի ճառագայթները, ջուրը, հողի հետ աշխատանքը վնասում են անգամ ամենախնամված մաշկը։ Այդ իսկ պատճառով ջրի հետ շփումից անմիջապես հետո հարկավոր է օգտագործել խոնավացնող կրեմ։
Սնուցում
Ամռանը մաշկը սնուցել պետք է ավելի հազվադեպ, քան ձմռանը։ Նախընտրելի է օգտագործել դիմակներ։
Ձվի դեղնուցը, 1ճ/գ ժոժոբայի յուղը, 1ճ/գ կոկոսի յուղը և 1 թ/գ մեղրը խառնում ենք ու ստացված զանգվածը քսում ենք ձեռքերին։
Իսկ 50 տարեկան և ավելի մեծ կանանց խորհուրդ է տրվում օգտագործել դիմակի այս տարբերակը՝
2ճ/գ սերուցքը խառնում ենք 1ճ/գ ձիթապտղի յուղի և 1թ/գ մեղրի հետ։ Ստացված զանգվածը խառնում ենք, ավելացնում ենք մանրացրած վարսակի փաթիլները, ապա հարում ենք և ստանում թթվասերանման զանգված։
Կարծում ենք՝ այս խորհուրդները կօգնեն պահպանել մաշկի փափկությունն ու զերծ մնալ մաշկային խնդիրներից։