Փոշին մեզ շրջապատում է ամենուրեք՝ թե՛ տանը, թե՛ դրսում։ Անգամ ամենաաննկատ փոշին կարող է վնասակար լինել առողջության համար, ուստի դրանից ազատվելն ու ամենօրյա մաքրություն ապահովելը պարտադիր պայման է։

Առաջարկում ենք փոշին ճիշտ սրբելու մի քանի կանոն։

Պետք է մաքրել վերևից ներքև ուղղությամբ, որպեսզի արդեն մաքրված մակերեսները չպատվեն փոշու շերտով։
Շատ կարևոր է հոգ տանել փոշի կլանող իրերի մասին։ Օրինակ՝ կտորե բազմոցները, գորգերը, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել փոշեկուլով կամ խոնավ կտորով։
Չպետք է մոռանալ վարագույրների, շերտավարագույրների մասին․ դրանք նույնպես պետք է հաճախակի լվանալ ու թարմացնել։
Մեծ քանակությամբ փոշի է կլանում նաև զգեստապահարանը։ Պատկերացրեք, թե որքան փոշի ենք բերում փողոցից հագուստի միջոցով, ուստի զգեստապահարանում մշտապես պետք է կարգուկանոն լինի, իսկ սեզոնային հագուստը հարկավոր է պահպանել վակուումային տոպրակների մեջ։ Այս մասին կարդացեք մեր՝ «Ինչպես պահպանել սեզոնային հագուստը» հոդվածը։
Ցանկության դեպքում կարող եք դարակների կամ պահարանի վրա դնել թերթեր և հաճախակի փոխել։

Գրքերը

Գաղտնիք չէ, որ գրքերը փոշու և սնկի աղբյուր են, ուստի գրապահարանը պետք է մշտապես մաքրել, որպեսզի փոշին չկուտակվի մեր սիրելի գրքերի վրա։

Բույսերը

Սենյակային բույսերի տերևները նույնպես փոշի հավաքելու հատկություն ունեն։ Դա կարելի է վերացնել կտորով թեթևակի հպվելով։ Խուսափեք տերևները ջրով լվանալուց, քանի որ բույսը կարող է փտել։

Հատակը

Մի մոռացեք պահպանել հերթականությունը։ Մակերեսները մաքրելուց հետո՝ ամենավերջում, սրբեք հատակը։ Դա կօգնի պահպանել մաքրությունը։ Ի դեպ, դա կարելի է անել փոշեկուլի, ապա խոնավ կտորի օգնությամբ։

Անհրաժեշտ իրեր փոշուց ազատվելու համար

Հարթ մակերեսներից փոշին հեռացնելու լավագույն տարբերակը խոնավ կտորն է։ Բայց պետք է խուսափել նաև շատ խոնավ կտորով մաքրելուց, այլապես փոշին կվերածվի կեղտի։ Անհրաժեշտ է նաև փոշեկուլի առկայությունը, քանի որ փոշին հեշտությամբ է հեռացվում և բացի այդ, չի տարածվում։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փոշին ճիշտ հեռացնելու համար։
Կարդացեք ու եղեք տեղեկացված։