Երբ ասում ենք անուշադրի սպիրտ (ամոնիակի լուծույթ), անմիջապես հիշում ենք սուր հոտն ու սթափող նշանակությունը: Շատերն են այդ վիճակում անմիջապես որպես առաջին օգնություն օգտագործում այն: Քչերը գիտեն, սակայն, որ կենցաղում այն պակաս կարևոր չէ, որքան բժշկության մեջ:
Ահա, թե ինչ մեծ դեր ունի ամոնիակի լուծույթը կենցաղում:
Լաքաների հեռացում
- Օգտագործվում է գորգերի և կահույքի պաստառների մաքրման համար
- Հիանալիորեն մաքրում է զամշե կոշիկները, պայուսակներն ու ձեռնոցները
Ի՞նչ անել
Բամբակի շերտը թրջում ենք անուշադրի սպիրտով և դնում ենք կեղտոտ հատվածների վրա: Քանի որ կեղտը ներծծվում է բամբակի մեջ, այն անընդհատ պետք է փոփոխել:
Այն անփոխարինելի է նաև ցանկացած տեսակի կտորի վրայից յուղի լաքաները հեռացնելու գործում: Սկզբում լաքան լվանում ենք լուծույթով, ապա սովորական լվացման ենք ենթարկում:
Որքան շատ է լինում լուծույթի քանակն, այնքան արագ է տեղի ունենում գործընթացը, բայց միևնույն ժամանակ մեծանում է կտորի որակը փչացնելու հավանականությունը:
Սպիտակեցում
Անուշադրի սպիրտը կենցաղում օգտագործվում է նաև իրերը սպիտակեցնելու նպատակով: Բայց այս դեպքում այն միայնակ չի աշխատում, օգնության է գալիս ջրածնի պերօքսդը:
Ի՞նչ անել
Վերցնում ենք 4-5 լ տաք ջուր, ավելացնում ենք 50 մլ ջրածնի պերօքսիդ և 25 մլ ամոնիակի լուծույթ: Հագուստը կամ իրերը մի քանի ժամ թողնում ենք լուծույթի մեջ, ապա հանում ու զգուշորեն լվանում ենք: Պետք է նշել, որ այս գործընթացը չի փոխարինում լվացմանը, ուստի պետք է նախապես լավ լվանալ, ապա դնել այս լուծույթի մեջ:
Մակերեսների մաքրում
Ամոնիակի լուծույթը արդյունավետ մաքրում է նաև սալիկները, լվացարանակոնքը, ջեռոցը ոչ պակաս լավ, որքան կտորը: Ապակիները, հայելիները և ցանկացած այլ ապակե մակերես կլինի կատարյալ մաքուր, եթե օգտագործեք անուշադրի սպիրտ: Այն հետքեր չի թողնում, ավելին` հաղորդում է յուրօրինակ փայլ:
Դրանով կարելի է մաքրել նաև արդուկի ներբանը, որպեսզի այն հետքեր չթողնի հագուստի վրա, սալիկների վրա առաջացած յուղի հետքերը, լոգասենյակում ջրի հետքերն ու հատակը:
Այն կենցաղում կիրառվում է նաև միջատների դեմ պայքարելու, բնակարանի հոտը վերացնելու, ինչպես նաև բույսերի աճը խթանելու համար:
Ամոնիակի լուծույթի օգտակարությունը միայն սրանով չի սահմանափակվում: Սակայն մաքրության տեսանկյունից այն հիանալի լուծում է, երբ տանն եք, չկան մաքրող ու ախտահանող միջոցներ, իսկ խանութ շտապելու ցանկություն չունեք: Այն անմիջապես օգնության է հասնում և օգնում կատարյալ մաքրություն ապահովել բնակարանում: